‘Ընկեր Հրանտի սեպարատ գործարքը. հարցերը դեռ օրակարգում են ‘

956

Ի հայտ են գալիս հակաիշխանական միասնական ճակատի ձախողման պատճառների նոր մանրամասներ: Մամուլում տեղ գտած որոշ հրապարակումների և մեր ձեռքի տակ եղած ստույգ տեղեկատվության համաձայն՝  մի պահից սկսած՝ Բաղրամյան 26-ում ընդունել են, որ միասնական համախմբող թեկնածուի որոշումը կայացված է, և Ս. Սարգսյանին  սպասվում է հնարավոր պաշտոնանկություն:

Այս առիթով նախագահականում հրավիրված գիշերային խորհրդակցության ժամանակ որոշում է կայացվել վերջին հարձակման անցնել երեք ուղղությամբ` ա. Հայ ազգային կոնգրեսում ձևավորել հակատերպետրոսյանական ճամբար, բ. ԲՀԿ-ի գործարար հատվածին վախեցնելով` պոկել Ծառուկյանից, գ. ուղիղ սակարկության մեջ մտնել Հրանտ Մարգարյանի հետ` դաշնակցությանը խաղից դուրս հանելու նպատակով:

Այս օպերացիայի համար հատկացված է եղել ընդամենը մեկ օր: Ս. Սարգսյանը  նշել է, որ երեք տարբերակներից որն էլ ստացվի՝ կարելի է փոխել իրավիճակը:

Ուղիղ մեկ օր անց ամփոփելով արդյունքները՝ Ս. Սարգսյանին է ներկայացվել հետևյալ պատկերը. Կոնգրեսում կարելի է ստեղծել նման փոքրիկ խմբավորում, բայց Լեւոն Տեր-Պետրոսյանի հեղինակությունը շատ մեծ է, և այդ քայլը կլինի ոչ էֆեկտիվ: ԲՀԿ-ից հնարավոր է պոկել ընդամենը 4-5 հոգու: Բայց նրանք քաղաքական որևէ ազդեցություն չունեն ԲՀԿ- ի վրա: Նկատվում է միջին գործարարների զգալի հոսք` ԲՀԿ: Հրանտ Մարգարյանի մասով ամեն ինչ նորմալ է` ՀՅԴն կանի այնպես, ինչպես պետք է:

Այս խորհրդակցությանը հաջորդել է դաշնակցականների այցը նախագահական և այդ փաստի հրապարակայնացումը:

Մեր ունեցած տվյալներով՝ Հ. Մարգարյանի սեպարատ քայլերը լուրջ դժգոհություններ են առաջացրել դաշնակցության շարքերում, ինչի հիմանական մեխն այն է, թե ունե՞ր, արդյոք, ընկեր Հրանտը բոլոր դաշնակցականների անունից Ս. Սարգսյանի հետ պայմանավորվելու թույլտվություն կամ իրավունք:

Մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն՝ մինչ այդ Գ. Ծառուկյանը առաջարկել է դաշնակցությանը մի քանի միլիոն դոլար` միասնական թեկնածուով հանդես գալու դեպքում`առանձին քարոզարշավ իրականացնելու համար:

Դաշնակցությունը ներկայացրել էր 7 կետանոց ծրագիր, և Ծառուկյանի ֆինանսական աջակցությամբ փայլուն հնարավորություն էր ստանում ողջ ժողովրդին ներկայացնելու իր մոտեցումները, կազմակերպելու իր իսկ ծրագրերի քարոզարշավը, առավելեւս՝ այն պարագայում, որ ՀՅԴ հայաստանյան կառույցն իր անորոշ քաղաքականության պատճառով  այսօր ունի լարված հարաբերություններ դրսի ազդեցիկ  կառույցների հետ, ինչը նշանակում է, որ ՀՅԴ-ն ունի ֆինանսական լուրջ խնդիրներ: Թվում է, թե կատարվածից որոշ ժամանակ է անցել, եւ հարցերը պետք է որ մարած լինեին: Սակայն, խնդիրն էլ հենց այն է, որ մեր տեղեկություններով՝ հարցերը դեռ նոր թափ են ստանում՝ չնայած այն բանին, որ ՀՅԴ վերնախավն ամեն գնով փորձում է խուսափել այս հարցերից. դրանք օրակարգում են և սպասում են լուծումների:

 

Մուսա Բադալյան

 

 

Նախորդ հոդվածը‘Բեռլուսկոնին ներողություն է խնդրել Բալոտելիից’
Հաջորդ հոդվածը‘Դեկտեմբեր ամսին երկիր է ժամանել և չի մեկնել 28 610 մարդ’