‘Ընտրական գործընթացի դեգրադացում կամ «Հիշո՞ւմ եք, որ 88-ին երկրաշարժի ժամանակ ձեզ առաջին օգնությունը Ջավախքից էկավ» ‘

1114

Թիվ 35 ընտրատեղամասում դեկտեմբերի 2-ին տեղի ունեցած ընտրությունները, ինչքան էլ որ կանխատեսելի էին իրենց արդյունքներով, սակայն որոշ առումներով յուրահատուկ էին իրենց ընթացքով:  Այդպիսի յուրահատկություններից էր ընտրողների թվի ցածր ցուցանիշը, ինչպես նաև ընտրակեղծարարության մեջ հարևան երկրի քաղաքացիներին ներգրավելը:

Չնայած հանրապետականների գործադրվող անհավանական ջանքերի՝ ահաբեկում, ընտրակաշառք, վարչական ռեսուրսի օգտագործում՝ ընտրողների թիվը մեկ ժամվա ընթացքում, մեկ տեղամասում՝ կարելի էր մատների վրա հաշվել:  Ըստ գյումրեցիների՝ հանրապետության երկրորդ քաղաքում ընտրություներին երբևէ այսպիսի ցածր մասնակցություն չէր գրանցվել: Սա բացատրվում է երկու ձևով. կամ ընտրությունների հետ որևէ մեկը որևէ հույս չէր կապում՝ համոզված լինելով, որ սրանք հերթական անգամ կեղծվելու են և ոչ մի փոփոխություն չեն բերելու քաղաքին ու անիմաստ են, կամ` այս ընտրությունները Գյումրիում, լինելով արդեն երրորդը 2012 թվականի ընթացքում՝ ուղղակի հոգնեցրել են բնակիչներին և առաջացրել նրանց անտարբերությունը: Կա նաև երրորդ տարբերակը, ըստ որի՝ այս երկու հանգամանքներն էլ ունեցել են իրենց ազդեցությունը ընտրություններում մասնակիցների թվի վրա: Եվ եթե հաշվի ենք առնում այն փաստը, որ հազարավոր մարդիկ ընտրության են բերվել իրենց կամքից անկախ, ամբողջ օրվա ընթացքում ընտրատեղամաս ներկայանալու համար ահաբեկվել ու կաշառվել են, ապա կարելի է միայն ենթադրել, թե հանրապետականների կողմից վարչական լծակները չօգտագործվելու դեպքում ինչպիսին կլիներ պատկերը Գյումրիում: Դպրոցականին էլ պարզ է, որ այս դեպքում մոտ 60 հազար ընտրող ունեցող ընտրատարածքում ընտրություններին հազիվ թե կներկայանային երկու-երեք հազարը: Սա նշանակում է, որ քաղաքացիները բոյկոտել էին ընտրությունները:

Սակայն իշխանությունները լուրջ խնդիրներ ունեին ոչ միայն ընտրողների թվի, այլ նաև ընտրությունները վերահսկողների, ընտրակեղծարարների թվի հետ կապված: Հատուկ այս խնդիրը լուծելու համար Գյումրի էին ժամանել հարյուրավոր ջավախահայեր:  Դեռևս ընտրություններից երկու օր առաջ ՀԱԿ թեկնածուի կազմակերպած նախընտրական երթի ընթացքում ակնհայտ էր, որ բնակչության շրջանում որևէ վստահություն և համակրանք չկա ՀՀԿ-ական թեկնածուի նկատմամբ: Հիմնական պատճառները երկուսն էին. առաջինը թալանչիների կուսակցության անդամ է, երկրորդը՝ ծնունդով գյումրեցի չէ, Գյումրիի հող ու ջրին, հոգսերին ծանոթ չէ: Իշխանություններն, իհարկե, սրա մասին հրաշալի իմանալով՝ հասկանում էին, որ բարդ կլինի տեղացիներին ստիպել «աշխատել» օտարի համար, և հենց այդ պատճառով էր, որ հարևան երկրի քաղաքացիների դեսանտ իջեցվեց Գյումրիում: Ըստ քաղաքից և գյուղերից եկող լուրերի (դրա ականատեսն եմ եղել  նաև ես)՝ Վրաստանից  ժամանած «հյուրերը» կանգնեցնում էին ընտրության գնացող քաղաքացիներին, և մինչ նրանց երկրորդ համարին ընտրելու կոչ անելը՝ հռետորական հարց էին հնչեցնում՝  «Հիշո՞ւմ եք, որ 88-ին երկրաշարժի ժամանակ ձեզ առաջին օգնությունը Ջավախքից էկավ»: Սա կոպտագույն օրենքի խախտում էր՝ բացահայտ քարոզ քվեարկության օրը, սակայն սա ամենաթեթև հանցանքն էր, որ գործում էին ընտրակեղծարարները: Նրանց կարելի էր նկատել տասնյակներով կուտակված բոլոր 45 ընտրատեղամասերի դիմաց: Նրանք էին վերահսկում ընտրողների մուտքն  ու ելքը, առանց պետհամարանիշների ավտոմեքենաներով ապահովում էին ուղղորդված ընտրողների մասնակցությունը, իրականացնում էին կարուսելների կազմակերպումը, ընտրակաշառքի բաժանումը:

Եվ իհարկե, այս ամենի արդյունքում ընտրությունները ունեցան իրենց տրամաբանական ելքը: Վարկաբեկված ՀՀԿ-ի՝ բնակչությանը լիովին անծանոթ թեկնածուն դարձավ պատգամավոր, որն իր ընտրվելով պարտական է արդեն ոչ միայն հայրենի իշխանություններին, այլ նաև օտարերկրյա քաղաքացիներին: Այսինքն՝ այսուհետև Գյումրիից հարկավոր է լինելու  ատկատներ ուղարկել ոչ միայն Բաղրամյան 26, այլ նաև ջավախահայ հանցագործ աշխարհի ներկայացուցիչներին, ինչ էլ արդեն կրկնակի արագությամբ է քայքայելու երբեմնի արժանապատվության խորհրդանիշ հանդիսացող քաղաքը:

Հ.Գ. Ընտրական պրոցեսների դեգրադացումը ոչ մի լավ բան չի խոստանում Հայաստանին: Այս բոլոր երևույթները պետականության կորստի առաջին նախանշաններն են: Եթե հասարկությունը չի մասնակցում, հրաժարվում է որևիցե կերպ մասնակցել իր ինքնակառավարման մեխանիզմների ձևավորմանը, ապա այդ մեխանիզմները ուշ թե շուտ ձևավորվելու են օտարների կողմից և ծառայեցվելու են օտարների շահերին: Էսպիսի հասարակությունը, մոտակա ամիսներին չսթափվելու դեպքում, դատապարտված է ոչնչացման:

Արեգ Գեւորգյան

Նախորդ հոդվածը‘Սերգեյ Գրիգորյան. Ոտքերիս տակից աստիճանը փախել է, և ես վայր եմ ընկել լամինատե հատակին, իսկ գլուխս դիպել է բազկաթոռի թևի հատվածին’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը ուսով հպվել է ՌԴ նախագահին, ինչի արդյունքում կարճատև հանդիպում է ունեցել նրա հետ ‘