‘Ընտրակաշառք ստանալու մասին ահազանգող քաղաքացիները կազատվեն պատասխանատվությունից’

607

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 30-րդ հոդվածի համաձայն\’ Հայաստանի Հանրապետության\’ 18 տարին լրացած քաղաքացիներն իրավունք ունեն կամքի ազատ արտահայտությամբ մասնակցելու ընտրություններին:

Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը, այդ թվում՝ թեկնածուներից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մասնակցելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու պայմանով կաշառք տալը կամ ստանալը ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածով սահմանված հանցագործություններ են, որոնց կատարման համար նախատեսված է քրեական պատասխանատվություն\’ ընդհուպ ազատազրկման ձևով:

Հայաստանի Հանրապետության Նախագահի՝ 2013թ. փետրվարի 18-ին կայանալիք ընտրությունների ընթացքում կարեւորելով մարդու եւ քաղաքացու իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը եւ նպատակ ունենալով նախականխել ընտրական իրավունքի հնարավոր խախտումները՝ ՀՀ գլխավոր դատախազությունը կոչ է անում այդօրինակ հանցագործությունների մասին անմիջապես իրազեկել ՀՀ իրավապահ մարմիններին:

Միաժամանակ երաշխավորում ենք, որ ընտրակաշառք ստացած այն անձինք, ովքեր նախապես, կամովին այդ մասին կհայտնեն իրավապահներին եւ կաջակցեն հանցագործության բացահայտմանը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հիմքերով կազատվեն քրեական պատասխանատվությունից»,- ասվում է Դատախազության տարածած հաղորդագրությունում:

 

Նախորդ հոդվածը‘Որովայնի շրջանում 29 ասեղ մտցրած դատապարտյալը չի համաձայնվել հանել վերջին 3 ասեղները’
Հաջորդ հոդվածը‘Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչ. «Ռեալ Մադրիդ» — «Մանչեսթեր Յունայթեդ» և «Շախտյոր» — «Բորուսիա Դորտմունդ»’