‘
Սահմանադրական դատարանը քիչ առաջ մերժեց ՀՀ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհանիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի դիմումներով ներկայացրած պահանջը՝ անվավեր ճանաչել փետրվարի 18-ի ընտրությունների արդյունքները: Դատարանը հայտարարեց, որ թեկնածուները չեն օգտվել քվեարկության արդյունքները անմիջապես վիճարկելու իրենց իրավունքից:
Փաստաթղթում նշվում է, որ 1988 ընտրատեղամասերից միայն մեկում «Ժառանգության» ներկայացուցիչը հատուկ կարծիք է ներկայացրել, որը մտցվել է ամփոփիչ արձանագրության մեջ, բացի այդ, 40 գրառում է կատարվել համապատասխան մատյանում և 12 բողոք է ներկայացվել քվեարկության արդյունքների վերաբերյալ։ Բոլոր տեղամասերում կուսակցության ներկայացուցիչները ստորագրել են արձանագրությունների տակ։
Միաժամանակ, «Ժառանգությունը» ներկայացուցիչներ է ունեցել 1884 ընտրական հանձնաժողովներում, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն ունեցել է 1009 վստահված անձ։
ՍԴ որոշման մեջ նշվում է նաև, որ ընտրական հանձնաժողովներում ներառվել են խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներ, այդ թվում` իշխող կոալիցիայի մեջ չմտնող երեք այլ կուսակցություններից։
Մասնավորապես՝ ԲՀԿ-ն ուներ 1905 ներկայացուցիչ, ՀՅԴ-ն` 1909, ՀԱԿ-ը 1481։
ՍԴ-ն անվավեր ճանաչեց քվեարկության արդյունքները մեկ ընտրատեղամասում` 17/05 (Արտաշատում)` առաջարկելով այդ տեղամասի նյութերն ուղարկել դատախազություն։
‘