Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը տեղական ընտրություններում ստացել է քվեների գրեթե կեսը․ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ տեղական ընտրություններում կուսակցական ցուցակներով քվեարկության արդյունքում «Վրացական երազամքը» հավաքել է 47 %։
Սակայն կուսակցության՝ քաղաքապետների թեկնածուներն առաջին փուլում չեն հաղթել հինգ ինքնիշխան քաղաքներից ոչ մեկում, և ընդդիմությունը պատրաստ է պայքար մղել երկրի գլխավոր քաղաքներում քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլում։
Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի անակնկալ այցը և ձերբակալությունը, հնարավոր է, ոգևորել է ընդդիմության մի մասին։ Ընդդիմությունն այս ընտրությունները անվանել է արտահերթ ընտրությունների վերաբերյալ հանրաքվե և պնդում է, որ դրանք պետք է վերջ դնեն «Վրացական երազանքի» իննամյա կառավարմանը։ Այդ սպասելիքները ընդդիմությունը կապում է այս տարվա գարնանը ԵՄ-ի միջնորդությամբ Վրաստանի քաղաքական ուժերի միջև կնքված պայմանագրի կետերից մեկի հետ, ըստ որի՝ եթե իշխող կուսակցությունը տեղական ընտրություններում ստանում է ձայների 43 %-ից պակաս, ապա հաջորդ տարի պետք է կայանան խորհրադարանի արտահերթ ընտրություններ։
Իշխող կուսակցությունը, որը կնքել է այդ պայմանագիրը, սակայն հետո դուրս է եկել դրանից, հոկտեմբերի 2-ի ընտրությունների արդյունքների հիման վրա արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակումը բացառում է։
Կրքերն ավելի են բորբոքվել ընտրությունների նախօրեին, երբ Վրաստանը ութ տարի առաջ լքած և հեռակա դատապարտված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին անակնկալ կերպով վերադարձել է և իր կողմնակիցներին կոչ արել հոկտեմբերի 3-ին շարժվել դեպի մայրաքաղաք՝ «հանրաքվեի արդյունքները պաշտպանելու համար»։
Ցուցակներով քվեարկության վերաբերյալ ընդդիմության ակնկալիքները չեն արդարացել․ ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ իշխող կուսակցությունն ստացել է ձայների 47 %-ը՝ զգալիորեն առաջ անցնելով մրցակիցներից։ Ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունը՝ Սաակաշվիլիի ստեղծած «Միացյալ ազգային շարժումը», հավաքել է ձայների մոտավորապես 31 %-ը։
Փոխանցում է BBC-ն։