‘
Ընթացիկ 2014 թվականին աշնան ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սպառողական շուկայում արձանագրվել է 1.7 տոկոս գնաճ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը։
«Նախորդ տարի սեպտեմբերին, հոկտեմբերին, նոյեմբերին գնաճը կազմել է 1 տոկոս, այս տարի նշված երեք ամիսներին` 2.7 տոկոս: Ընդ որում` 2013-ի սեպտեմբերին 2012 թվականի դեկտեմբերի համեմատ` ընդհանուր 9-ամսյա գնաճը կազմել է 3.2 տոկոս, 2014-ի նույն ժամանակահատվածում ունեցել ենք գնանկում 0.8 տոկոսով: Այսինքն` մինչ նոյեմբեր հանրապետության սպառողական շուկայում ավելի բարենպաստ իրավիճակ է եղել գնաճային առումով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Գուրգեն Մարտիրոսյանը` հավելելով, որ այս տարվա նշյալ ժամանակահատվածում 22.7 տոկոսով բարձրացել է կարտոֆիլի գինը, որի ազդեցությունը գնաճի վրա կազմել է 1.4 տոկոս:
«Այսինքն` ամբողջ գնաճը ձևավորվել է բանջարեղեն-կարտոֆիլ ապրանքային խմբի սեզոնայնությամբ պայմանավորված գնաճով»,-հայտնեց Գուրգեն Մարտիրոսյանը:
Նրա տեղեկացմամբ` 2014-ի նոյեմբերին հոկտեմբերի համեմատ գրանցվել է 1.3 տոկոս գնաճ: «Նոյեմբերին արձանագրված 1.3 ընդհանուր գնաճի պարագայում պարենային ապրանքների գներն ունեցել են առանջանցիկ աճի տեմպ, ու գնաճը կազմել է 2.5 տոկոս: Ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.9 տոկոսով, ծառայությունների ոլորտում գրանցվել է գնանկում 0.2 տոկոսով»,-նշեց պաշտոնյան:
Գուրգեն Մարտիրոսյանի խոսքով` նոյեմբերին հոկտեմբերի համեմատ դիտարկված 470 ապրանքնատեսակներից 291-ում արձանագրվել է գնաճ, այդ թվում` մինչև 1 տոկոս գնաճ 170 ապրանք-ծառայություններում, 1-2 տոկոս` 40 ապրանք-ծառայությունների մասով, 2-5 տոկոս` 42-ի դեպքում, 5-10 տոկոս գնաճ 17 ապրանք-ծառայություններում, 10 տոկոսից բարձր գնաճ գրանցվել է 22 ապրանք-ծառայությունների գծով: «Հոկտեմբերին 10 տոկոսից բարձր գնաճ արձանագրվել էր 17 ապրանք-ծառայությունների դեպքում: 121 ապրանք-ծառայություններում արձանագրվել է գնանկում, իսկ 58-ում գները մնացել են անփոփոխ»,-հայտնել է Մարտիրոսյանը:
Նշենք, որ ԱՎԾ-ի տվյալները բազմիցս կասկածի տակ են դրվել անկախ փորձագետների կողմից: Նրանցից ոմանք նույնիսկ կարծիք են հայտնում, որ ԱՎԾ-ն զբաղված է թվանկարչությամբ և ապահովում է իշխանությունների համար ձեռնտու տնտեսական և ֆինանսական ցուցանիշներ։
‘