‘Ըստ ԱՎԾ-ի՝ Հայաստանի արտաքին պետական պարտքը նվազել է 15 մլն դոլարով’

637

Հայաստանի ընդհանուր պետական պարտքը հունիս ամսվա ընթացքում ավելացել է 0.13 տոկոսով (6 մլն 26 հազար դոլար) և կազմել է 4 մլրդ 556 մլն 900 հազար դոլար։ Ընդ որում, ընդհանուր պետական պարտքի կառուցվածքում նվազել է արտաքին պարտքի և ավելացել ներքին պարտքի չափը։

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով Հայաստանի արտաքին պետական պարտքը հունիսին նվազել է 15 մլն 700 հազար դոլարով` ամսվա վերջին կազմելով 3 մլրդ 850 մլն 400 հազար դրամ։

Արտաքին պարտքի հիմնական մասը՝ 3 մլրդ 373 մլն 200 հազար դոլարը բաժին է ընկնում Հայաստանի կառավարությանը, իսկ Կենտրոնական բանկի պարտքը կազմել է 477 մլն 300 հազար դոլար։

Հայաստանի ներքին պարտքն հունիսի վերջին կազմել է 706 մլն 500 հազար դոլար` ավելանալով 21 մլն 7 հազար դոլարով։ Դրա հիմնական մասը՝ 671 մլն 700 հազար դոլար, բաժին է ընկնում ռեզիդենտների ձեռք բերած պետպարտատոմսերին։

Արտարժութային պետպարտատոմսերը կազմել են 26 մլն 500 հազար դոլար, վարկերն ու փոխառությունները` 6 մլն դոլար, իսկ ներքին երաշխիքները` 2 մլն 300 հազար դոլար։

Հիշեցնենք, որ 2014թ. հուլիսի 31-ին Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) խորհուրդը հաստատել է Հայաստանին վարկի տրամադրումը՝ Էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերականգնման ծրագրի իրականացման համար: Նախատեսվող վարկի չափը կկազմի 37 միլիոն դոլար և կտրամադրվի ԱԶԲ-ի Ասիայի զարգացման արտոնյալ հիմնադրամից: Այս 37 միլիոնը ԱՎԾ հաշվարկում ներառված չէ:

Նշենք, որ ԱՎԾ-ի տվյալները բազմիցս կասկածի տակ են դրվել անկախ փորձագետների կողմից: Նրանցից ոմանք նույնիսկ կարծիք են հայտնում, որ ԱՎԾ-ն զբաղված է թվանկարչությամբ և ապահովում է իշխանությունների համար ձեռնտու տնտեսական և ֆինանսական ցուցանիշներ։

Նախորդ հոդվածը‘ՔԿՀ-ի աշխատակիցը ծեծի է ենթարկել քաղաքացուն եւ վնասել վերջինիս ավտոմեքենան’
Հաջորդ հոդվածը‘Բրավո. «Ես տեր Շտեգենի հետ հավասար հնարավորություններ ունեմ»’