‘Ըստ «Գազպրոմ Հայաստանի»՝ գազի որակը երկրում համապատասխանում է բոլոր ստանդարտներին’

552

«Երբեմն լինում է ծուխ առանց կրակի, և գազի ցածր որակի առնչությամբ իմ մտավախությունները փարատվել են, բայց մենք չենք դադարեցնի ուսումնասիրությունները, քանի դեռ բողոքներ են ստացվում հանրապետության քաղաքացիների կողմից»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հայաստանի սպառողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանը: Միությունն արձագանքել է գազի ցածր կալորիականության վերաբերյալ պարբերաբար ստացվող բողոքներին և ԶԼՄ-ների հրապարակումներին:

Պողոսյանը ներկայացրել է «Գազպրոմ Հայաստան» ընկերության լաբորատորիայի կողմից իրականացված հետազոտությունների արդյունքները, ըստ որի`Հայաստանում սպառվող գազի կալորիականությունը կազմում է 8200 Կկալ: Ներկայիս գնի պայմաններում գազի նվազագույն կալորիականությունը պետք է կազմի 7900 Կկալ: «Ընկերության ղեկավարության հետ հանդիպման ընթացքում երկու առաջարկ էր ներկայացվել`  հետազոտություն իրականացնել շարժական լաբորատորիայի օգնությամբ կամ հայկական գազը հետազոտության նպատակով արտերկիր ուղարկել»,- հայտարարել է Պողոսյանը`նշելով, որ երկրորդ տարբերակը մերժվել է`կապված մեծ ծախսերի հետ, իսկ առաջին տարբերակն իրականացվել է հանդիպուից անմիջապես հետո:

Պատասխանելով փորձաքննության օբյեկտիվության վերաբերյալ լրագրողների հարցին`նկատի ունենալով, որ փորձաքննությունն իրականացրել է ընկերությունը, որի դեմ հնչել են մեղադրանքները, Պողոսյանը հայտարարել է, որ իրավունք չունի կասկածի ենթարկելու փորձաքննության արդյունքների օբյեկտիվությունը, իսկ եթե արդյունքները կեղծ են, մեղավորներն անպայման կպատժվեն:

Գազի կալորիականության վերաբերյալ iLur.am-ի հետաքննությունն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:

 

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայում բախումներից հայեր չեն տուժել’
Հաջորդ հոդվածը‘ Դավութօղլու. Հայաստանի հետ սահմանը չի բացվի, քանի դեռ չի կարգավորվել ղարաբաղյան հակամարտությունը ‘