‘Ըստ Հովիկ Աբրահամյանի` իր դեմ պատվեր են իրականացնում` «հաստացնելով հաստավիզ լրագրողներին»’

829

Ազգային ժողովում «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը բուռն քննարկման առիթ է դարձել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի միջեւ:

Նշենք, որ օրինագծով կառավարությունը մտադիր է վերացնել ձկնաբուծարաններին ջրօգտագործման մասով տրված արտոնությունները՝ նպատակ ունենալով պահպանել ստորգետնյա ջրերի նվազող պաշարները:

Արտահերթ ելույթով Աբրահամյանը դժգոհել է կառավարության ներկայացրած օրինագծից` առաջարկելով բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին համալիր ծրագիր ներկայացնել:

Պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ ակնհայտորեն տեղի է ունենում շահերի բախում:

«Մեծ գործարարները, ովքեր ունեն լճեր, ձեռնարկատիրական գործունեություն են ծավալում, օրինակ՝ իմ թիկունքում նստած պարոն Աբրահամյանը, ով արտահերթ ելույթով հանդես եկավ ու փորձեց քննադատել օրենքի նախագիծը: Նա այստեղ ունի իր շահը՝ ակնհայտ է»,- ըստ Tert.am-ի՝ ասել է Փոստանջյանը։

Պատգամավորի խոսքերը վրդովեցրել են ԱԺ նախագահին, որը վստահեցրել է, թե «թղթերով իր մոտ ամեն ինչ կարգին է»` ինքը անձամբ բիզնեսով չի զբաղվում:

Աբրահամյանի խոսքով` մի քանի պատգամավորներ, այդ թվում` Զարուհի Փոստանջյանը, իր դեմ պատվեր են կատարում, այդ ընթացքում օգտագործելով նաեւ լրատվամիջոցների հնարավորությունները: Նա կոչ  է արել ոչ թե զբաղվել իր նկատմամբ «պատվերների գումարներն» ուղղել մանկատներ, ծերանոցներ, սոցիալապես անապահով ընտանիքներին, «ոչ թե հաստացնեն մամուլի որոշ հաստավիզ ներկայացուցիչների ու լրագրողների»:

Ի պատասխան` Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ Աբրահամյանը ենթակա մարդ է, եւ կարիք չկա նրա դեմ ինչ-որ բան անել:

Նա Հովիկ Աբրահամյանին հարցադրում արեց, թե ինչո՞ւ ԱԺ նախագահը մինչև վերջ չկատարեց իր աշխատանքը, ինչո՞ւ Վերահսկիչ պալատի բացահայտումների մասով հետևողական չեղավ, ինչո՞ւ չբողոքարկեց, որ դատախազը գործ հարուցի: «Թե՞ դուք միայն կարող եք խոսել: Դուք լինելով ենթակա՝ երբեք դեմ չենք գնա այդ համակարգին: Ենթակա եք, մնացեք ձեր ենթակայության սահմաններում, ձեզ համեստ պահեք», — Lragir.am-ի փոխանցմամբ՝ ասել է Փոստանջյանը:

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյանի ելույթը դեկտեմբերի 10-ի ՀԱԿ երթին’
Հաջորդ հոդվածը‘Հրանտ Բագրատյան. Կուտակային վճարները փոխհատուցելու մասին հայտարարությունները բլեֆ են’