‘Ըստ ոստիկանության՝ բերման են ենթարկվել 110 քաղաքացիներ ‘

1132

Ոստիկանությունն այսօր ակտիվ է՝ ոչ միայն ցուցարարներին բռնի ուժով բերման ենթարկելու, այլեւ՝ հայտարարություններ տարածելու առումով: Քիչ առաջ ոստիկանությունը հանդես է եկել նոր հայտարարությամբ, որտեղ նշում է, թե ոստիկանությունը բերման է ենթարկել 110 քաղաքացու:

«…Չնայած այն հանգամանքին, որ դեկտեմբերի 2-ին մայրաքաղաքի երթևեկությունը որոշակի սահմանափակումների է ենթարկվել, ինչի մասին հասարակությունն իրազեկված է եղել նախապես,  այնուամենայնիվ,  ՀՀ ոստիկանությունը, կատարելով օրենքով իրեն վերապահված լիազորությունները և դրսևորելով հանդուրժողականություն, աջակցել է Ազատության հրապարակում ժամը 13:00-ին կազմակերպված շտապ հավաքի մասնակիցներին՝ երթով դեպի ՀՀ կառավարության շենք ուղևորվելու և իրենց բաց նամակը ՀՀ կառավարությանը հանձնելու գործում:

Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ շտապ հավաքի և երթի անցկացման նպատակը, այն է՝ բաց նամակի տեսքով արտահայտած կարծիքը ՀՀ կառավարությանը հանձնելու գործընթացն արդեն իսկ կատարվել է, ուստի, մյուս քաղաքացիների իրավունքները պաշտպանելու, մայրաքաղաքի ճանապարհներին երթևեկության հետագա խոչընդոտներից  և  անձանց ազատ տեղաշարժի իրավունքի իրացման սահմանափակումներից խուսափելու նպատակով հավաքի մասնակիցներին, և, առհասարակ, բնակչությանը հորդորվել է հստակ կատարել ոստիկանության ծառայողների պահանջները, ձեռնպահ մնալ հատկապես կենտրոնական փողոցներով երթևեկելուց, պահպանել ճանապարհային երթևեկության, ինչպես նաև համակեցության կանոնները, փոխադարձ հարգանքով վերաբերվել միմյանց ու երթևեկության կարգավորման պատասխանատուներին: Այսպիսով, ՀՀ ոստիկանությունը գործադրել է բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի հավաքի առանձին մասնակիցների վարքագիծը չհանգեցնի ծանր հետևանքների, իսկ մյուս կողմից չսահմանափակի հավաքի` խաղաղ մտադրություն ունեցող մասնակիցների քաղաքական իրավունքների լիարժեք իրականացումը:

Այնուամենայնիվ, հնարավոր չի եղել լիովին խուսափել հավաքի և երթի որոշ մասնակիցների կողմից հակաիրավական վարքագծի դրսևորումներից. մասնավորապես՝ հավաքի խաղաղ և բնականոն ընթացքի ապահովման վերաբերյալ ոստիկանության` օրենքով սահմանված պահանջները չկատարելու համար ՀՀ ոստիկանության տարածքային մարմիններ է բերվել 110 անձ»: 

Նախորդ հոդվածը‘Պուտին, եկել ես՝ արի պաչեմ’
Հաջորդ հոդվածը‘ԵՄ-ն կարող է անվանական պատժամիջոցներ կիրառել ուկրաինացի պաշտոնյաների նկատմամբ’