‘Ըստ Ռոբերտ Նազարյանի՝ Հայաստանը գազի գծով նոր պարտքեր չի կուտակում ‘

642

«Ըստ իմ ունեցած տեղեկությունների, Հայաստանը գազի գծով նոր պարտքեր չի կուտակում»,-խորհրդարանի նիստում այսօր հայտարարել է Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, պատասխանելով ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի հարցին:

Խոսելով «Հայռուսգազարդի» աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման մասին, Նազարյանը նշել է, որ Հանձնաժողովը որոշում է միայն աշխատակիցների թվաքանակը և սահմանում միջին աշխատավարձի հասկացողությունը: «Մենք փորձում ենք մոտենալ մասնավոր հատվածի միջին աշխատավարձերին: Նրանք անգամ մեկ դրամով իրավունք չունեն ինքնուրույն բարձրացնել, միայն զուտ շահույթի հաշվին»,-նշել է Նազարյանը:

Խոսելով «Հայռուսգազարդի» ներկայացուցչական ծախսերի մասին, Նազարյանն ընդգծել է, որ Հանձնաժողովի կողմից սահմանվել է ընդամենը 18 մլն դրամ, չնայած, որ «Հայռուսգազարդի» հայտում ներկայացվել էր 120 մլն դրամ: Ինչ վերաբերվում է խողովակների ներկմանը, ապա, ըստ Նազարյանի, նորմատիվները պահանջում են, որպեսզի խողովակները ներկվեն 5 տարին մեկ անգամ: 

Նախորդ հոդվածը‘Լիբիան զեկուցել է քիմիական զենքի ոչնչացման մասին’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայի ընդդիմության ներկայացուցիչները հանդիպել են Էշթոնի հետ’