‘
Pastinfo.am-ի փոխանցմամբ` Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան է մուտքագրվել զինծառայողներ Հարություն Պետրոսյանի և Արթուր Աթասունցի նկատմամբ հարուցված քրեական գործը:
Թիվ N զորամասի զինծառայող, 20-ամյա Հարություն Պետրոսյանը, ըստ քրեական գործի նյութերի, մի քանի անգամ բռնություն է գործադրել շարքային Է. Աղեկյանի նկատմամբ` ոտքերով և ձեռքերով հարվածել է նրա մարմնի տարբեր մասերին, սեռական բնույթի հայհոյանք տվել, այդ ամենից բացի` բահով հարվածել է շարքայինի դեմքին, անպարկեշտ ձևով ստորացրել վերջինիս պատիվն ու արժանապատվությունը:
Բացի այդ, Պետրոսյանը զինվորական ծառայության պարտականությունները կրելուց վերջնականապես ազատվելու նպատակով անդամախեղման եղանակով իրեն կցված ինքնաձիգով կրակել է իր որովայնի ձախ շրջանին`պատճառելով առողջությանը ծանր վնաս:
Մեղադրանք է առաջադրվել նաև զինծառայող, 19-ամյա Արթուր Աթասունցին, ով ծեծի է ենթարկել իր նկատմամբ ստորադաս հանդիսացող Հարություն Պետրոսյանին` տալով նրա հասցեին սեռական բնույթի հայհոյանք: Բացի այդ, պարզվել է, որ Աթասունցը մարտական դիրքում գտնվելու ժամանակ, հերթապահության ընթացքում ոգելից խմիչք է օգտագործել:
Հարություն Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 5 հոդվածներով, 359-րդ հոդվածի 1-ին մասով, 358-րդ հոդվածի 2-րդ մասով, 360-րդ հոդվածի 2-րդ մասով, 363-րդ հոդվածի 4-րդ մասով և 333 –րդ հոդվածի 1–ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Արթուր Աթասունցին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 1-ին և 2-րդ մասերով, 360 –րդ հոդվածի 2-րդ մասով, 365-րդ հոդվածի 1-ին մասով և 360-րդ հոդվածի 2-րդ մասով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
‘