Թաթուլ Հակոբյան. Ինձ միշտ զարմացրել է, թե ինչու մենք ուրացանք 1990-1998 թվականների ձեռքբերումները

216

Թաթուլ Հակոբյանը Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի 81-ամյակի առթիվ Ֆեյսբուքում գրել է.

«Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպելու երկու հնարավորություն եմ ունեցել, երկուսն էլ՝ նրա առանձնատանը:

Առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2011 թվականի գարնանը: Ավարտին էի հասցնում իմ «Հայերը եւ թուրքերը» հատորը եւ ուզում էի առաջին նախագահից անձամբ ճշտել ԵԱՀԽ 1992 թվականի հունվարյան մի դրվագ:

Դիմեցի մեր դիվանագետներից Վլադիմիր Կարապետյանին, որ այն օրերին ՀԱԿ-ի ղեկավար անդամներից էր:

Ապրիլյան օր էր: Երբ Կարապետյանի հետ մտանք նախագահի առանձնատան տարածք, մոտ հարյուր մետր հեռվում նկատեցի բահը ձեռքին մի մարդու, որ խնձորենիներն էր խնամում:

Մոտենալով պարզեցի, որ այգեգործը Տեր-Պետրոսյանն է: Անսովոր էր նախկին նախագահին տեսնել այդպես: Ինքս լինելով գյուղացի այգեգործ՝ աչքիցս չվրիպեցին բավականին ընդարձակ այգու ծառերի խնամվածությունը, կոկիկությունը եւ մաքրությունը:

Բարեւեցինք ու մտանք տուն: Երկրորդը, որ ինձ զարմացրեց, նախագահի առանձնատան ընդգծված սովորական լինելն էր: Աչք ծակող ոչինչ չկար՝ բացի սեղաններին դրված գրքերի հարկերից:

Նախագահի կինը սուրճ հյուրասիրեց, մոտ մեկ ժամ զրուցեցինք՝ հիմնականում Հայաստան-Թուրքիա հարաբերություններից:

Երկրորդ անգամ նախագահի առանձնատանը եղա 2022-ի նոյեմբերին: Այս անգամ հանդիպումը կազմակերպել էր նրա խոսնակ Արման Մուսինյանը:

Շուրջ երկու ժամ տեւած զրույցի ընթացքում խոսեցինք Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից, Հայաստանի պատմության եւ հայությանը հուզող հարցերից:

Ինձ միշտ զարմացրել է, թե ինչու մենք ուրացանք 1990-1998 թվականների ձեռքբերումները, Անկախության առաջին շրջանն ու Արցախյան նվաճումները պիտակեցինք «մթի ու ցրտի տարիներ»:

Գուցե մենք արժանի է՞ինք իննսունականների Վրաստանի ու Ադրբեջանի ճակատագրին: Մեր երկու հարևանները ունեցան Գամսախուրդիա ու Էլչիբեյ՝ աղետ բերելով իրենց երկրներին ու ժողովուրդներին:

Հայաստանն ու նրա ժողովուրդը նույնպես ունեցան աղետ ու արհավիրք, բայց դրանք արդեն այլ ժամանակներ են:

Այսօր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը 81 տարեկան դարձավ»:

Նախորդ հոդվածըԿարեն Թովմասյան. Ամենակարևոր կրթությունը ստացել եմ Ազատության հրապարակի Լևոն Տեր֊Պետրոսյանի անվան համալսարանում
Հաջորդ հոդվածըՆունե ՆԳ. Ծնունդդ շնորհավոր, հզոր մարդ, միակ նախագահ