‘
Կոմիտասի պողոտայում գտնվող «Երեւան Սիթի» սուպերմարկետի երկրորդ հարկում գտնվող հագուստի և կոշկեղենի տոնավաճառը, չնայած կատարված գողությանը, աշխատում է։ Փակ են միայն այն տաղավարները, որոնք թալանվել են։ NEWS.am-ը գրում է, որ ոստիկանները դրանք առանձնացրել են ժապավեններով եւ այս պահին ներսում հետաքննչական գործողություններ են իրականացնում:
Դեպի վերաբերյալ ոստիկանությունն այսպիսի հաղորդագրություն է տարածել:
«Փետրվարի 17-ին, ժամը 11.15-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կոմիտասի պողոտայում գտնվող սուպերմարկետի 2-րդ հարկի տաղավարներից գողություն է կատարվել: Պարզվել է, որ փետրվարի 16-ի ժամը 20.00-ից մինչև փետրվարի 17-ի ժամը 11.00-ն ընկած ժամանակահատվածում օդափոխության համար նախատեսված անցքով տանիքից մտնելով` տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են պաշտպանիչ շերտերը, մտել սուպերմարկետի 2-րդ հարկ և տաղավարներից գողացել գումար, պայուսակներ, կոշիկներ, հագուստ, «Նոութբուք»: Վնասի չափը պարզվում է:
Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն»:
‘