Թալիբները գրավել են Քաբուլը, նախագահ Գանին լքել է երկիրը

689

Կիրակի առավոտյան «Թալիբան» շարժման գրոհայինները մտել են Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլ։ Խաղաղ բնակիչները փախչում են քաղաքից։ Հաղորդում են, որ թալիբների ներկայացուցիչները գնացել են նախագահի նստավայր՝ իշխանությունը հանձնելու վերաբերյալ բանակցելու նպատակով։ ԶԼՄ-ները, հղում անելով աֆղանցի պաշտոնյաների, հաղորդում են, որ նախագահ Աշրաֆ Գանին հեռացել է երկրից, ենթադրաբար՝ Տաջիկստան։

Թալիբների կայծակնային հաղթանակը և ժամանակակից աֆղանական պետություն ունենալու վերաբերյալ երազանքների փլուզումը իսկական խայտառակություն է Ամերիկայի և ողջ Արևմուտքի համար, իսկ արևմտամետ կառավարության ձախողման գլխավոր պատճառներից մեկը համատարած կոռուպցիան արմատախիլ անելու անկարողությունն է․ համաշխարհային մամուլն այսպես է գնահատում Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունները։

Guardian-ը նշում է աֆղանական կառավարական ուժերի սրընթաց պարտության մի քանի պատճառ՝ կոռուպցիան բանակում և ոստիկանությունում, նվիրված բարդ տեխնիկան գործի գցելու անընդունակությունը՝ համատարած անգրագիտության պատճառով, մաքսային եկամուտների կորուստը և դրա հետևանքով՝ կառավարության անկարողությունը աշխատավարձեր վճարելու հարցում։

Ֆրանսիական Le Monde-ը հիշեցնում է այն մասին, ինչն ասում են շատ փորձագետներ՝ աֆղանական բանակում մեռած հոգիների «առատությունը»։ Թերթը հիշեցնում է, որ հենց ամերիկյան զինվորականների խոսքով՝ աֆղանցիները ամբողջական «ուրվական գումարտակներ» էին ստեղծում, որպեսզի դրանց համար գումար ստանան ԱՄՆ-ից և յուրացնեն այն։ «46 ուրվական-գումարտակ, յուրաքանչյուրում՝ 800 հոգի»,- Քաբուլում աշխատող արևմտյան դիվանագետի խոսքն է մեջբերում թերթը։

«Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին հպարտանում էր չկայացած պետությունների հարցով աշխարհի առաջատար փորձագետներից մեկի իր կարգավիճակով, իսկ արդյունքում՝ ինքը դարձավ սեփական կառավարության ձախողման վկան»,- գրում է France-Presse գործակալությունը։ Մինչ հայրենիք վերադառնալը Գանին ԱՄՆ-ում հայտնի գիտնական-տնտեսագետ էր, ապա՝ Համաշխարհային բանկի բարձրաստիճան աշխատակից։

Washington Post-ը հիշեցնում է, որ Գանիի դիրքերը զգալիորեն խարխլվեցին անցյալ տարի Թրամփի վարչակազմի՝ թալիբների հետ առանց Գանիի համաձայնության կնքած սեպարատ գործարքի հետևանքով, ինչը հանգեցրեց բանտերից հազարավոր թալիբների ազատ արձակմանը, մինչդեռ Գանին կատաղի կերպով դիմադրում էր դրան։

Ռուսաստանյան «Независимая газета»-ն գրում է, որ Մոսկվան, ամենայն հավանականությամբ, չեզոքություն կպահպանի թալիբների և Աֆղանստանի վիճակի հանդեպ, և «Թալիբանը» հազիվ թե «ոտնձգություններ կատարի միջինասիական պետությունների նկատմամբ»։ Մեկնաբանի կարծիքով՝ թալիբները կկենտրոնանան ներաֆղանական հարցերի վրա, իսկ արտաքին քաղաքականության մեջ, նախևառաջ, կկողմնորոշվեն իրենց աջակցող Քաթարի և Սաուդյան Արաբիայի ուղղությամբ։

«Независимая газета»-ն և մեկ այլ ռուսաստանյան թերթ՝ «Коммерсант»-ը, ենթադրում են, որ Քաբուլի և երկրում իշխանության անարյուն հանձնումը թալիբներին կարող է  աշխարհի առաջնորդների մասնակցությամբ ինչ-որ գաղտնի գործարքի արդյունք լինել, սակայն երկու թերթերի մեկնաբաններն էլ որևէ պարզաբանում չեն տալիս։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածը«Բարսելոնան» հաղթեց 4։2 հաշվով (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը4.5 մագնիտուդով երկրաշարժ՝ Բավրա գյուղից 16 կմ հյուսիս-արևելք