Թալիբները կանանց արգելել են համալսարան հաճախել

395

Աֆղանստանում իշխող «Թալիբան» ծայրահեղական շարժումը կանանց արգելել է սովորել համալսարաններում։ Նշվում է, որ կրթության նախարարության այդ կարգադրությունն ուժի մեջ է  մտնում «անորոշ ժամանակով»։

Մինչդեռ դեռևս անցյալ տարվա սեպտեմբերին թալիբները աղջիկներին թույլ էին տվել ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություններ, միայն թե ուսուցումը պետք է տղամարդկանցից առանձին լիներ։

Այս տարի նույնպես ընդունելության քննություններն անցել են առանց խոչընդոտների, և մի քանի հազար ուսանողուհիներ ընդունվել են համալսարաններ։

«Համենայն դեպս՝ սա թալիբների տված խոստումների ևս մի խախտում է։ Իշխանության գալու պահից ի վեր, ինչպես նաև վերջին ամիսներին, մենք միայն կանանց համար տարածությունների կրճատում ենք նկատում, ոչ միայն կրթության ոլորտում, այլև հանրային վայրեր այցելելու, բանավեճերին մասնակցելու հարցերում»,- ասել է ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

«Թալիբանը աֆղանցի կանանց դատապարտել է մռայլ ու անպտուղ ապագայի, առանց որևէ հնարավորության։ Ոչ մի երկիր չի կարող բարգավաճել, երբ նրա բնակչության կեսն արհեստականորեն կաշկանդվում է։ Կրթությունը մարդու՝ միջազգայնորեն ընդունված իրավունք է, և այն կարևոր նշանակություն ունի Աֆղանստանի տնտեսական աճի և կայունության համար»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըՍեուլը և Վաշինգտոնը ընդլայնում են համատեղ զորավարժությունների ծավալը
Հաջորդ հոդվածըՄարոկկոյի թիմը 25 միլիոն դոլար պարգեւավճարը կնվիրաբերի երկրի աղքատ ընտանիքներին