‘Թաղապետարանները և ՀՀԿ-ն` մեկ ամբողջություն. Մամուլ’

931

««Հայաստանի Հանրապետական կուսակցության կայքում որպես Դավթաշենի և Նորք-Մարաշի տարածքային գրասենյակների հասցե և հեռախոսահամար ներկայացված են թաղապետարանների կոնտակտները։ Ըստ կայքի՝ ՀՀԿ տարածքային գրասենյակները թե Դավթաշենում, թե Նորք-Մարաշում գտնվում են թաղապետարանի շենքում, իսկ որ ամենատարօրինակն է, տվյալ վարչական շրջանների ղեկավարների ընդունարանների հեռախոսահամարները նաև կուսակցական գործին են ծառայում»,-այս մասին գրում է «ՀԺ»-ն և հավելում. «Սա նշանակում է՝ պետական ռեսուրսի օգտագործում կուսակցության օգտին։ ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանից մեկնաբանություն խնդրեցինք։ Նրա փոխարեն պարզաբանումներ ներկայացրին թաղապետարաններից։ Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Իվան Գրիգորյանը սկզբում ասաց, որ ժամանակին ՀՀԿ տարածքային գրասենյակը տեղափոխվել է, և քանի որ հեռախոսահամարը, այսպես ասած, ազատ էր մնում, թաղապետարանն այն գրանցել է իր բալանսի վրա, դարձնելով աշխատանքային հեռախոսահամար։ Ավելի ուշ Գրիգորյանը կրկին զանգահարելով՝ հայտնեց, որ իր նշած պատմությունը այլ հեռախոսահամարի մասին է, և Նորք-Մարաշի ղեկավար Վարազդատ Մկրտչյանի ընդունարանի հեռախոսահամարը սխալմամբ է հայտնվել ՀՀԿ-ի կայքում՝ ներկայացվելով որպես ՀՀԿ գրասենյակի հեռախոսահամար։ Սխալմունքի բացատրությունը Իվան Գրիգորյանը չուներ։ Մեզ հետ կապ հաստատեց նաև Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը, ով տեղի ունեցածը սխալմունք համարեց։ Ըստ նրա՝ ՀՀԿ տարածքային գրասենյակը և Դավթաշենի վարչական շենքն իրականում տարբեր տեղերում են գտնվում, իրարից մեծ հեռավորության վրա։ Վարչական շրջանի ղեկավարը սխալմունք որակեց իր ընդունարանի հեռախոսահամարի հայտնվելը ՀՀԿ-ի կայքում։ Սիայն հավաստիացրեց. «Որպես վարչական շրջանի ղեկավար, կուսակցական գործունեությամբ ես իմ աշխատանքի ժամին չեմ զբաղվում։ Եվ վարչական շրջանի ոչ մի հեռախոս չի օգտագործվում կուսակցության գործունեության մեջ։ Մենք ունենք շատ հարմարավետ գրասենյակ, ունենք երեք հեռախոսահամար, որոնք օգտագործվում են կուսակցության գործունեության համար»։

Արդեն երեկոյան, ՀՀԿ կայքում Դավթաշենի տարածքային գրասենյակի հեռախոսահամարը խմբագրված էր, Նորք-Սարաշինը՝ հեռացված։ Կուսակցության տեխնիկական սպասարկողները, սակայն, մոռացել էին փոխել նաև հասցեները։ Առայժմ այս երկու վարչական շրջաններում կուսակցության գրասենյակները «շարունակում են գտնվել» վարչական շենքերում» ։

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Ստալինիկները երկնքից չեն ընկնում’
Հաջորդ հոդվածը‘Դատաիրավական ԾԻԳ-ի տնօրենը նաև միլիոնատեր է. Մամուլ’