‘Թաղման մասնակիցները մոտ 1 կմ անցել են ոտքով, քանի որ Թոխմախի գերեզմանատան միակ ճանապարհը փակվել էր Սեյրան Օհանյանի պատճառով’

1260

Մեր խմբագրություն են դիմել մի քանի քաղաքացիներ և զայրույթով պատմել, որ երեկ Թոխմախի գերեզմանատանը մասնակցում էին թաղման արարողության, և որ թաղման մասնակիցները, այդ թվում՝ նաև հանգուցյալի մերձավոր հարազատները, ստիպված են եղել մոտ 1 կմ ճանապարհ ոտքով անցնել, քանի որ ռազմական ոստիկանությունը փակել էր գերեզման տանող միակ ճանապարհը: Այն հարցին, թե ինչո՞ւ է փակ ճանապարհը, ռազմական ոստիկանության ենթասպան, որն այդպես էլ չի ներկայացել, միայն ասել է, որ «նախարարն ա ստեղ, դրա համար էլ փակ է», իսկ այն դիտարկմանը, թե դա ի՞նչ կապ ունի, փոխել է մարտավարությունը և սկսել պատմել, որ «վերև պռոբկայա, դրա համար են փակել»: Սակայն, ինչպես պատմեցին մեզ դիմած քաղաքացիները, այնտեղ ոչ մի խցանում էլ չի եղել,  գերեզմատան մուտքի  մոտ եղել են մի քանի ավտոմեքենաներ և 2 կամ 3  ավտոբուս:

Այսօր մենք փորձեցինք դեպքի կապակցությամբ մեկնաբանություն ստանլ ՊՆ-ից: Մեր թղթակցին պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ասաց, որ տեղեկությունը, թե երեկ գեներալներից մեկի հուղարկավորության արարողության ժամանակ փողոցը փակվել է, քանի որ արարողությանը մասնակցում էր նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, իրականությանը չի համապատասխանում: Սակայն Հովհաննիսյանը միաժամանակ չհերքեց, որ Օհանյանը երեկ թաղման արարողության է մասնակցել:

«Եթե թաղման թափորի համար կարող է փողոցը փակվել, դա ինչ կապ ունի այս կամ այն մարդու հետ: Փողոցը փակվել էր թաղման թափորի համար: Կարող է՝ փողոցը չեն էլ փակել: Երթևեկությունը, հնարավոր է, կանգնած լինի»,- ասաց մամուլի խոսնակը:

Մեր դիտարկմանը, թե տեղեկություններ կան, որ մարդիկ ստիպված են եղել գերեզմանոց ոտքով հասնել, Հովհաննիսյանը պատասխանեց, թե այդ տեղեկությունը ևս իրականությանը չի համապատասխանում:

Բնական է, որ պարոն Հովհաննիսյանը պնդում է անում, չնայած ինքն անձամբ այնտեղ ներկա չի եղել: Նրա պարտականությունն էլ, թերեւս, հենց դա է՝  հերքել իր վերադասի հետ կապված այնպիսի տեղեկությունները, որոնք նրան պատիվ չեն բերում: Փաստը, սակայն, այն է, որ դեպքը եղել է, ներկա են եղել հարյուրավոր ականատեսներ, ու ՊՆ մամլո խոսնակի հերքումն այդ հարյուրավոր մարդկանց առաջ ՊՆախարարին ավելի վատ դրության մեջ է դնում: Եւ նաեւ ապացուցում է, որ Հայաստանում իշխանավորները ոչ թե օրինախախտումներ ու ամենաթողություն չեն անում, այլ պարզապես այդ գործի համար պահում են մամլո խոսնակներ, որոնք ուղղակի հետագայում հերքում են այդ ամենը: Միայն թե մոռանալով ականատեսների մասին: 

Նախորդ հոդվածը‘«Հակահարված» art խմբի անդամների նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն’
Հաջորդ հոդվածը‘Սպանված զինծառայողի գործով կզբաղվի ՊՆ-ի քննչական ծառայությունը’