‘Թանաքի վերաբերյալ ՄԻՊ-ի դիտողություններն ու առաջարկությունները ԿԸՀ-ին’

758

«Հարգելի պարոն Մուկուչյան,

ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն` անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքման համար տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացվում է այնպիսի նյութ, որն օգտագործելուց հետո առնվազն 12 ժամ պահպանվում է, իսկ հետո` անհետանում: Միջազգային փորձի ուսումնասիրությունից կարելի է եզրակացնել, որ ընտրախախտումների կանխարգելման արդյունավետ մեխանիզմ է հանդիսանում ընտրողների ստուգման երկաստիճան համակարգը, այսինքն` ոչ միայն ընտրական ցուցակների կազմման, վարման, դրանց հրապարակայնության, ընտրական տեղամասում ընտրողների ցուցակում ընտրողի անձը հաստատող փաստաթղթի տվյալների գրանցման կանոնակարգումները, այլև դրանց դրոշմակնքումը կամ ընտրողի մատների թանաքոտում (Եգիպտոս, Լատվիա, Հնդկաստան, Մեքսիկա, և մի շարք այլ երկրներ):

2012 թվականի ՀՀ խորհրդարանական ընտրությունների ընթացքում անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքման գործընթացի հետ կապված խնդիրների վերաբերյալ ստացվել էին 64 ահազանգեր: Այդ ահազանգերը վերաբերել էին թե´ դրված դրոշմակնիքների` օրենքով սահմանված ժամկետից շուտ անհետացմանը և թե´ դրանց սահմանված 12 ժամից ավել մնալուն: 2013 թվականի ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ նույնպես ստացվել են 68 ահազանգեր, որոնք վերաբերել են անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքման գործընթացին: Կրկին անգամ ահազանգերը վերաբերել են դրոշմակնիքի կամ շուտ անհետանալուն, կամ սահմանված 12 ժամից ավել մնալուն: Ահազանգերը վերաբերել են նաև նրան, որ դրված կնիքները անձանց ցանկության դեպքում հեշտությամբ հնարավոր էր ջնջել: Կնիքի հեշտությամբ ջնջվելը խիստ մտահոգիչ է այնքանով, որ այն չի համապատասխանում ընտրողների ստուգման երկաստիճան համակարգի նպատակին և ավելին, նպաստավոր պայմաններ է ստեղծում  իրավախախտների կողմից ընտրակեղծիքներ կատարելու համար:

Պատահական չէ, որ միջազգային մի շարք կազմակերպություններ դրական էին գնահատել 2011 թվականին ընդունված նոր ՀՀ ընտրական օրենսգրքի մեջ դրոշմակնքման վերաբերյալ դրույթի ներառումը, քանի որ այն  պետք է հանդիսանար ընտրախախտումների կանխարգելման մեխանիզմ: Սակայն ԿԸՀ-ի կողմից առ այսօր հնարավոր չի եղել ստանալ այնպիսի մի նյութ, որը կհամապատասխաներ ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին և միջազգային չափանիշներին:

ՀՀ Ազգային ժողովի 2012 թվականի մայիսի 6-ի ընտրությունների կազմակերպման և անցկացման, Ընտրական օրենսգրքի խախտումների, առաջարկվող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից 01.08.2012թ ներկայացված հաղորդագրությամբ առաջարկվել էր հանել Ընտրական օրենսգրքի դրոշմակնքման վերաբերյալ դրույթը: Միևնույն ժամանակ մի շարք միջազգային կազմակերպություններ հայտնել են այն կարծիքը, որ անհրաժեշտ է ընտրողների ստուգման երկաստիճան համակարգը, սակայն դրոշմակնիքի ինստիտուտի վերաբերյալ հայտնել են, որ  առավել դասական և փորձված միջոց է ընտրողների մատների թանաքոտումը, այլ ոչ դրոշմակնքման ինստիտուտը:

Ելնելով վերոգրյալից` խնդրում ենք 5-օրյա ժամկետում հստակեցնել, թե արդյոք հնարավոր է դրոշմակքնման համար այնպիսի նյութի ձեռքբերումը, որը կհամապատասխանի ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին և միջազգային չափանիշներին: Հակառակ դեպքում՝ գտնում ենք, որ այս խնդրի հետևանքով առաջացած ընտրախախտումների ռիսկի և հանրության մտահոգությունների բացառման համար անհրաժեշտ է փոփոխություն կատարել ՀՀ ընտրական օրենսգրքում` դրոշմակքնման փոխարեն նախատեսելով մեկ այլ մեխանիզմ, այն է՝ մատների թանաքոտումը»:

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյան

Նախորդ հոդվածը‘Մոսկվայում ձերբակալել են մարդասպան էքստրասենսի’
Հաջորդ հոդվածը‘Անահիտ Բախշյան. «Աստված իմաստություն տա» աղոթքով օգնենք Րաֆֆին ‘