‘Թատրոնն սկսված է, կամ` նորից գոմեշի միսը մեջտեղ բերին’

951

Եթե հիշում եք` ընտրություններ կոչվող միջոցառման ողջ ընթացքում ասպարեզ էր բերվում ոչ միայն «բարի նախագահ» Սերժ Սարգսյանի կերպարը, այլեւ, անաչառ եւ օբյեկտիվ երեւալու միտումով, ոմանք այս ու այն կողմից բարեփոխումներ սկսելու կոչեր էին հնչեցնում: 

Սա, իհարկե, ծիծաղելի հնարք էր թեկուզ միայն այն պատճառով, որ Սերժ Սարգսյանը բարեփոխումներ անելու համար առնվազն հինգ տարի ուներ: Ժամանակահատված, որում մենք ոչ միայն գոնե մեկ կետով առաջընթաց չգրանցեցինք, այլեւ բոլոր ցուցանիշերով ետընթաց ապրեցինք:
Սերժ Սարգսյանը, սակայն, ոնց որ թե լուրջ է ընդունել ե՛ւ իր նախագահ լինելը, ե՛ւ իր առջեւ դրված «պահանջները»: Եվ եթե այդպես է` շատ շուտով մենք ականատեսն ենք լինելու վազգենխաչիկյանական տիպի նոր տեսարանների, որոնց դեմ հանդիման` սոված ժողովուրդը գոնե ձրի թատրոն նայելու հնարավորություն է ստանալու:
Այս առումով՝ «առաջին ձնծաղիկը» հայտնի գոմեշի մսի գործն է, որի շրջանակներում ևս մի հոգի է ձերբակալվել: Համաձայն ՊՆ քննչական ծառայության կողմից հայտնված տեղեկատվության` ձերբակալվել է N զորամասի պարենային բազայի պետը, ում նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ բնակության վայրից չհեռանալու մասին հայտարարությունը: Ի դեպ, զորամասի պարենային բազայի պետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (անփույթ վերաբերմունք ծառայության նկատմամբ): Այսինքն` այն նույն հոդվածով, որով մեղադրվում են այս պահին կալանքի տակ գտնվող` Կապանի մսի կոմբինատի տնօրեն Ալբերտ Օհանջանյանը,  N զորամասի հրամանատարի նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալը, նույն զորամասի պարենային պահեստարանի պետը: Կալանավորված է նաեւ Կապանի մսի կոմբինատի նախկին տնօրեն Ալբերտ Օհանջանյանը, ում մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է` առանձնապես խոշոր չափերով խարդախություն:
Այսքանից հետո որեւէ մեկը դեռ կասկածնե՞ր ունի, թե ինչու են N զորամասի պարենային բազայի պետին հենց հիմա ասպարեզ բերել, հենց անփութության մեղադրանքի առաջադրմամբ, եւ որ ամենակարեւորն է` տվյալ խափանման միջոցի ընտրությամբ: Ակնհայտ է, որ իշխանություններին շտապ տեսարաններ են պետք, բայց քանի որ դեռ խառն են` Ազատության հրապարակում հնչող բարեւի հետ կապված, առայժմ չեն հասցրել որեւէ խելոք բան մտածել եւ «փարվել են» հին գոմեշի գործին:

Գոհար Սիմոնյան

Նախորդ հոդվածը‘Պաղեստինը պահանջում է ստուգումներ անցկացնել Իսրայելի բանտերում’
Հաջորդ հոդվածը‘Դամասկոսը պատրաստ է բանակցել ընդդիմության հետ, այդ թվում՝ նաև զինված ընդդիմության’