‘Թբիլիսիի դատարանը հեռակա կալանքի որոշում է ընդունել նախկին նախագահ Սաակաշվիլիի նկատմամբ’

842

Թբիլիսիի քաղաքային դատարանը բավարարել է Վրաստանի գլխավոր դատախազության պահանջը և նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ  ծառայողական լիազորությունները գերազանցելու գործով որպես խափանման միջոց ընտրել է հեռակա կալանքը:

Հեռակա կարգով կալանքի տակ են առնվել նաև արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլին և պաշտպանության նախկին նախարար Դավիդ Կազերաշվիլին: Վրաստանի ՔՕ 333 հոդվածով մեղադրանքը նախատեսում է հինգից ութ տարվա ազատազրկում:

Փաստաբաններն արդեն հայտնել են, որ մտադիր են բողոքարկել դատարանի որոշումը:

Սաակաշվիլին, որ Վրաստանից հեռացել է իր նախագահական ժամկետն ավարտվելուց գրեթե անմիջապես հետո, ավելի վաղ գլխավոր դատախազության մեղադրանքն անվանել է «զուտ քաղաքական»: Նախկին նախագահը Վրաստանի գործող իշխանություններին մեղադրել է դատական համակարգը «քաղաքական հետապնդման գործիքի» վերածելու մեջ և հայտարարել, որ ինքը մտադիր չէ մասնակցել այդ «ֆարսին»:

Կառավարությունը հերքում է նախկին պաշտոնյաների քրեական հետապնդման մեջ քաղաքական նկատառումների առկայությունը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Խամեսը ռեկորդ է սահմանել և «Ռեալի»-ին բերել է 50 մլն եվրո’
Հաջորդ հոդվածը‘Անհավանական թռիչքը տանիքից դարձել է YouTube-ի հիթը. Տեսանյութ’