‘
Տաջիկ ընդդիմադիր գործիչ Դոդոջոն Ատովուլլոևը, որն ապրում է տարագրության մեջ, ձերբակալվել է Թբիլիսիի միջազգային օդանավակայանում, հաղորդել է «Фергана»-ն: «Ինձ հայտնեցին, որ ձերբակալում են Ինտերպոլի հայտով,- ընդդիմադրի խոսքերն է փոխանցում «Азия-Плюс» լրատվական գործակալությունը:- Իբր ես տաջիկական իշխանությունների կողմից մեղադրվում եմ կրոնական ծայրահեղականության և ահաբեկչության մեջ: Ես նրանց ասացի, թե ով եմ… ու ոնց որ թե համոզեցի, որ ինձ հետապնդում են քաղաքական նկատառումներով»:
Ատովուլլոևի խոսքերով՝ վրացական կողմն իրեն «լավ» է վերաբերվում, և ինքը հույս ունի, որ շուտով ազատ կարձակվի: Ընդդիմադիր գործիչը Թբիլիսի է ժամանել Պրահայից՝ զինակիցներին հանդիպելու նպատակով: Նա պարզաբանել է, որ այդ հանդիպումը պետք է կայանար կամ Ուկրաինայում, կամ Թուրքիայում, կամ էլ Վրաստանում, և արդյունքում ընտրվել էր Վրաստանը՝ որպես «ամենաժողովրդավարականը»: «Եթե Վրաստանը ձերբակալի ինձ, դա բիծ կթողնի վրացական երիտասարդ ժողովրդավարության վրա»,- նախազգուշացրել է Ատովուլլոևը: Իր հայրենիքում նրա հանդեպ դեռևս 2000-ական թթ. քրեական գործեր են հարուցվել նախագահին վիրավորելու և իշխանությունը տապալելու կոչեր անելու մեղադրանքներով: Ատովուլլոևը Տաջիկստանից հեռացել է 1990-ականների սկզբին՝ սկզբում հանգրվանելով Մոսկվայում, ապա տեղափոխվելով Գերմանիա, որտեղ և հիմնադրել է «Վաթանդոր» («Հայրենակից») շարժումը՝ Տաջիկստանում իշխանափոխություն իրականացնելու առաքելությամբ: Ատովուլլոևը պնդում է, որ իր հայրենիքը «հղի է հեղափոխությամբ» և որ «մեզ պետք է մե՛ր Թահրիրի հրապարակը», փոխանցում է lenta.ru-ն:
‘