Թելման Պետրոսյան. Նա առաջնորդվել է պետության երկարաժամկետ շահերով

866

Թելման Պետրոսյանը Ֆեյսբուքում գրել է.

«Մենք մերժում ենք ցանկացած տիպի քաղաքական կողմնորոշում, հավատարմության երդում որևէ գերտերության։ Մենք պետք է ոչ արևմտամետ լինենք, ոչ ռուսամետ։ Միակողմանի կողմնորոշումը որևէ ազգի դեռևս բարիք չի բերել, որովհետև միակողմանի կողմնորոշումը ստեղծում է որոշ բարեկամներ, բայց ստեղծում է նաեւ բազմաթիվ թշնամիներ»։

Լևոն Տեր-Պետրոսյան

22.12.2012 թ.

Հ.Գ. Աշխարհաքաղաքական փոթորիկները մեկը մյուսին են հաջորդում, և փոքր պետությունները հաճախ դառնում են մեծ ուժերի բախման դաշտ, առավել ակնհայտ է դառնում, թե որքան հեռատես, խելամիտ և պետական մտածողություն ուներ Հայաստանի Հանրապետության հիմնադիր նախագահը:

Նա հստակ զգուշացնում էր, որ Հայաստանի ապագան չի կարող կառուցվել որևէ գերտերության կույր սպասարկման կամ միակողմանի քաղաքական կողմնորոշման վրա։

Նրա խոսքերը քաղաքական հայտարարություն չէին․ դրանք սառը հաշվարկ էին, պետական մտածողության արդյունք, գրեթե մաթեմատիկական ճշգրտությամբ արված աշխարհաքաղաքական վերլուծություն:

«Ոչ արևմտամետ, ոչ ռուսամետ» գաղափարը շատերը տարիներ շարունակ փորձեցին սխալ ներկայացնել, բայց այսօր իրականությունն ինքն է ապացուցում այդ մոտեցման ճշմարտացիությունը։ Երբ պետությունը ամբողջությամբ կապում է իր անվտանգությունը, տնտեսությունը կամ քաղաքական ապագան մեկ կենտրոնի հետ, ժամանակի ընթացքում կորցնում է ինքնուրույնությունը, դառնում կախված և խոցելի։ Իսկ երբ այդ կենտրոնի շահերը փոխվում են, փոքր պետությունը մնում է միայնակ՝ ծանր հետևանքների առաջ։

Ցավոք, վերջին տարիների իրադարձությունները ևս ապացուցեցին, թե ինչ ողբերգական հետևանքների կարող է բերել միակողմանի «մետությունը»։

Պետությունը դադարում է առաջնորդվել բացառապես սեփական ազգային և պետական շահերով ու սկսում է ամբողջ քաղաքականությունը կառուցել արտաքին կենտրոնների սպասումների վրա, կորցնում է ռազմավարական հավասարակշռությունը։ Եվ հենց այդ սխալ քաղաքական մտածողությունը դարձավ նաև Արցախի ողբերգության ու կործանման պատճառներից մեկը։ Որովհետև իրական քաղաքականության մեջ մշտական բարեկամներ չկան․ կան միայն շահեր։

Այսօր էլ նույն այդ միակողմանի մտածողության օրինակներից է TRIPP-ը, երբ քաղաքական կամ աշխարհաքաղաքական մոտեցումները ներկայացվում են ծայրահեղությունների տրամաբանությամբ՝ կամ սա, կամ նա։ Բայց հենց այդպիսի միաբևեռ մտածողությունն է վտանգավոր փոքր պետությունների համար։ Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ ապրել «տրենդերով» կամ արտաքին կենտրոնների հանդեպ էմոցիոնալ կախվածությամբ։ Պետությունը կառավարվում է ոչ թե TRIPP-երով, այլ սառը հաշվարկով, հավասարակշռված դիվանագիտությամբ և բացառապես հայկական շահերով։

Հիմնադիր նախագահը դեռ այն ժամանակ հասկացել էր, որ Հայաստանի միակ ճիշտ ուղին հավասարակշռված, խելամիտ և բացառապես հայկական շահից բխող արտաքին քաղաքականությունն է։ Սա ոչ թե թույլի, այլ իմաստուն և ինքնիշխան պետության քաղաքականություն է։

Այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես են աշխարհում անգամ ամենահզոր դաշնակցությունները փոխվում ժամերի ընթացքում, ինչպես են «մշտական բարեկամների» մասին առասպելները փլուզվում իրական քաղաքական շահերի առաջ։ Եվ հենց այս ֆոնին առավել մեծ արժեք է ստանում Լևոն Տեր-Պետրոսյանի պետական դպրոցը՝ սառնասիրտ, հաշվենկատ և իրատես քաղաքականությունը։

Նա երբեք չի առաջնորդվել էմոցիաներով կամ ամբոխահաճո կարգախոսներով։ Նա առաջնորդվել է պետության երկարաժամկետ շահերով։ Այդ պատճառով էլ նրա շատ գնահատականներ, որոնք ժամանակին քննադատվում էին, այսօր դարձել են քաղաքական իրականություն։

Պատմությունը հաճախ ուշ է գնահատում իր իրական պետական գործիչներին։ Բայց ժամանակը ամենաճշգրիտ դատավորն է։ Եվ ժամանակը հերթական անգամ ապացուցում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ոչ միայն Հայաստանի հիմնադիր նախագահն էր, այլ նաև այն քաղաքական մտածողը, ով տարիներ առաջ տեսնում էր այն վտանգներն ու գործընթացները, որոնց հետևանքները մենք ապրում ենք այսօր։

Ուժեղ պետությունը կառուցվում է ոչ թե կույր կողմնորոշումների, այլ խելամիտ հաշվարկի, պետական արժանապատվության և ազգային շահի վրա։ Սա էր նրա ուղերձը երեկ, և սա է առավել արդիական այսօր։

Նախորդ հոդվածըՌուբեն Վարդանյան. Ազնվորեն խոստովանեք, որ գերիների՝ իրենց պետությունից օգնություն ակնկալելը անիմաստ է
Հաջորդ հոդվածըԼևոն Տեր-Պետրոսյան. «Առաջինը Ղարաբաղի հարցն է» (տեսանյութ)