‘Թեհրանում տեղի է ունենում հակաամերիկյան ցույց ‘

598

Այսօր Թեհրանի կենտրոնում մի քանի հազար մարդ է հավաքվել՝ մասնակցելու 1979 թ. իրանցի ուսանողների կողմից ԱՄՆ դեսպանատունը գրավելու 33-ամյակի առթիվ կազմակերպված հակաամերիկյան ցույցին:

Այդ առիթով ցույցեր Թեհրանում տեղի են ունենում ամեն տարի, սակայն այս տարի մասնակիցների թիվն զգալիորեն փոքր է՝ նախորդ տարիների համեմատ, հաղորդում է ria.ru-ն: Իրանցի փորձագետները դա կապում են ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցությունների հետ:

Թեհրանում ԱՄՆ նախկին դեսպանատան մոտ, որն ստացել է «լրտեսական բույն» անունը, ազգային դրոշներով և Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի դիմանկարներով զինված ցուցարարները հակաամերիկյան և հակաիսրայելական կոչեր են հնչեցնում՝ «Մա՛հ Ամերիկային», «Մա՛հ Իսրայելին»:

Հիշեցնենք, որ 1979 թ. նոյեմբերի 4-ին Այաթոլլահ Խոմեյնիի՝ ծայրահեղական տրամադրված կողմնակիցները գրոհել էին Թեհրանում ԱՄՆ դեսպանատունը և պատանդ վերցրել դեսպանատան 52 աշխատակիցների՝ նրանց պահելով 444 օր: Պատանդներն ազատ արձակվեցին 1981 թ. հունվարին: Այս միջադեպի արդյունքում խզվեցին ամերիկա-իրանական դիվանագիտական հարաբերությունները, 1979 թ. նոյեմբերից ԱՄՆ-ն Իրանի հանդեպ պատժամիջոցներ սահմանեց, որոնց մի մասը գործում է մինչ օրս՝ էական ազդեցություն գործելով Իրանի տնտեսության վրա:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ում գաղտնի գործակալն ինքնասպան է եղել ‘
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Զավեշտալի է, երբ գիտնականը ստանում է 50 000-ից 70 000 դրամ աշխատավարձ’