‘Թենիսիստուհի Նավրատիլովան և «Միսս ԽՍՀՄ»-ն ամուսնացել են’

960

Հռչակավոր թենիսիստուհի Մարտինա Նավրատիլովան, ով բազմիցս Մեծ սաղավարտի տիտղոսներ է նվաճել, Նյու Յորքում ամուսնացել է իր վաղեմի ընկերուհու՝ ռուսաստանցի Յուլյա Լեմիգովայի հետ, որը 1990 թ. «Միսս ԽՍՀՄ»-ի հաղթողն է, իսկ 1991 թ. «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթում նվաճել է երկրորդ տեղը: 1990-ականներից Լեմիգովան ապրում է Փարիզում, որտեղ զբաղվում է բիզնեսով:

Նավրատիլովան, որ վերջերս դարձավ 58 տարեկան, ծնվել է Չեխոսլովակիայում, սակայն 1981 թ. ամերիկյան քաղաքացիություն է ընդունել: Իր մարզական կարիերայի ընթացքում նա թենիսի 167 տիտղոսի է արժանացել՝ դա բացարձակ ռեկորդ է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց շրջանում: 2010 թ. Նավրատիլովան ամերիկյան People ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է, որ իր մոտ կրծքի քաղցկեղ են ախտորոշել:

Նավրատիլովան 42-ամյա Լեմիգովային առաջարկություն է արել սեպտեմբերին, ԱՄՆ Բաց առաջնության ժամանակ: Այն ժամանակ մեկնաբանելով իր արարքը՝ նա ասել էր, թե կասկած չուներ իր որոշման հարցում, սակայն ուզեցել է, որ այդ իրադարձությանը վկա դառնան միլիոնավոր մարդիկ:

Սոչիի Օլիմպիադայից առաջ Նավրատիլովան Միջազգային օլիմպիական կոմիտեին մեղադրեց սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն անուշադրության մատնելու մեջ: Ժամանակին նա քննադատել էր նաև ՖԻՖԱ-ին՝ 2022 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Քաթարում անցկացնելու որոշման համար, որտեղ գեյերը քրեական հետապնդման են ենթարկվում: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘«Իսլամական պետությունը» գրոհային է դարձրել 350 երեխայի’
Հաջորդ հոդվածը‘Պակիստան. Դպրոցի վրա գրահայինների հարձակման արդյունքում զոհերի թիվն անցել է 120-ից’