‘
Թե երբ Բրյուսելում կիջեցնեն Բրիտանիայի դրոշը՝ դեռ ոչ ոք չի կարող ասել, բայց այսպես թե այնպես՝ բանակցությունները մտել են «վճռական փուլ», ելույթ ունենալով Համայնքների պալատում՝ երեկ հայտարարել է Թերեզա Մեյը:
Առաջիկա կիրակի օրը Մեծ Բրիտանիայի վարչապետը և 27 պետությունների և կառավարությունների ղեկավարները պետք է հավանություն տան Brexit-ի համաձայնագրին և Լոնդոնի ու Բրյուսելի հետագա հարաբերությունների վերաբերյալ հայտարարագրին:
«Բանակցություններն այժմ վճռական փուլում են… Մեր քաղաքացիները հանդես են գալիս այն գործարքի օգտին, որը մեզ համար պայծառ ապագա է երաշխավորում, նրանք նաև ուզում են, որ մենք միասնական լինենք և առաջ շարժվենք՝ լուծելով շատ կարևոր ներքին խնդիրները: Այն գործարքը, որը մեզ կօգնի հասնելու դրան, ըստ էության՝ մեր ձեռքում է, և ես առաջիկա երեք օրերին կանեմ հնարավոր ամեն ինչ՝ այն ձեռքից բաց չթողնելու համար»,- ասել է Մեյը:
Brexit-ին ընդառաջ՝ միասնության մասին է հայտարարում նաև ԵՄ ղեկավարությունը: Այդ հարցով եվրոպական գլխավոր բանագնաց Միշել Բարնիեի խոսքով՝ հարկավոր է շարունակել այն գիծը, որին ԵՄ-ն հետևել է նախորդ 17 ամիսների ընթացքում:
Փոխանցում է euronews-ը:
‘