Թե ինչու է վերջին շրջանում Լեւոն Տեր-Պետրոսյանն այդքան կարեւորում մտավորականության դերը

5625

Վերջերս հրապարակվեց  «Արցախի Հանրապետության ճակատագիրը համազգային պատասխանատվություն է» վերնագիրը կրող մի հայտարարություն, որին Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ավելորդ համարելով ըստ էության արձագանքել՝ այն որակեց որպես «ողորմելի մանիֆեստ»։ Այդ «մանիֆեստը» ստորագրել էին չորս տասնյակից ավելի դիվանագետներ, ակադեմիկոսներ, պատմաբաններ, մշակույթի գործիչներ (հետո ստորագրողների թիվն ավելացավ եւս մի քանի տասնյակով)։

Թվում էր, թե նման գնահատականից հետո փաստաթուղթն ստորագրողները եւս մեկ անգամ պիտի ուշադիր կարդային իրենց գրածը, հասկանային եւ… խոհեմություն ունենային առնվազն կազմակերպված լռել։ Չունեցան այդ խոհեմությունը, իսկ որ ավելի վատ է՝ եթե կարդացին, ապա այդպես էլ չհասկացան, թե ինչու է այն ողորմելի։

Նրանց օգնելու անկեղծ մղումով փորձենք դա բացատրել՝ այդ փաստաթղթի կարեւոր մտքերի մեջբերմամբ։

Ա) «Մենք համոզված ենք, որ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերություններում առավել ցայտուն են դրսևորված հետևյալ խնդիրները, որոնց հանդեպ մոտեցումները պահանջում են հստակություն՝ հենված բացառապես մեր ազգային-պետական շահերի վրա»։

Միանգամայն ճիշտ դիրքորոշում։ Բայց այս պնդումն անողները պետք է գիտակցեն, որ մյուս կողմերը նույնպես առաջնորդվելու են «բացառապես իրենց ազգային-պետական շահերով»։ Միակ ելքը բանակցություններում փոխհամաձայնեցված լուծումների կայացումն է, ինչի մասին ակնարկ անգամ չկա խնդրո առարկա հայտարարության մեջ։

Բ) «Արցախի հիմնահարցը, որի հիմքում ընկած է միջազգայնորեն ամրագրված ազգերի ինքնորոշման և իր ճակատագիրը տնօրինելու հիմնարար իրավունքը, ոչ մի պարագայում, որևէ պատճառաբանությամբ կամ որևէ մեկի կողմից չի կարող դառնալ սակարկման առարկա»։

Սա եւս ճիշտ է, բայց մոռացության է տրվում այն փաստը, որ նշված սկզբունքները հայկական կողմն է դրել Արցախի վերաբերյալ մեր դիրքորոշման հիմքում։ Մինչդեռ, ի գիտություն հարգարժան մտավորականների, հարկ ենք համարում նշել, որ Արցախի վերաբերյալ ազգերի ինքնորոշման իրավունքն արձանագրվել է միայն միջազգային երկու փաստաթղթերում՝ ԵԱՀԿ Լիսաբոնի գավաթնաժողովում եւ «Մադրիդյան սկզբունքներում»։ Սակայն, երկու դեպքում էլ այդ իրավունքը զուգակցվել է միջազգային իրավունքի մեկ այլ՝ տարածքային ամբողջականության սկզբունքի հետ։ Իսկ նման զուգակցման պարագայում ինքնորոշման իրավունքը ստորադասվում է տարածքային ամբողջականության սկզբունքին։ Այդ պատճառով է, որ Տեր-Պետրոսյանը 1996-ին վետո է դրել Լիսաբոնյան փաստաթղթի վրա։ Ինչ վերաբերում է «Մադրիդյան սկզբունքներին», ապա այն այդպես էլ կյանքի չի կոչվել, իսկ վերջին պատերազմից հետո ըստ էության շրջանառությունից դուրս է դրվել։

Գ) «Արցախի Հանրապետության ճակատագիրը Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ողջ հայության միասնական իրավունքների և պատասխանատվության տիրույթում է»։

Այս հարցում որեւէ իրավունքի (տվյալ դեպքում՝ ինքնորոշման իրավունքի) սուբյեկտ կարող է լինել միայն Արցախը։ Եթե «Հայաստանը, Սփյուռքը եւ ողջ հայությունը» դառնում են իրավունքի սուբյեկտ, խնդիրը տեղափոխվում է այլ հարթություն, եւ Արցախը դառնում է պահանջատիրության օբյեկտ։ Արցախը չի կարող լինել միաժամանակ ե՛ւ ինքնորոշման իրավունքի սուբյեկտ, ե՛ւ պահանջատիրության օբյեկտ։ Այսինքն՝ «հույժ հայրենասիրական» այս ձեւակերպումը, ներքուստ անհեթեթ լինելով, նաեւ ոչնչացնում է Արցախի ինքնորոշման իրավունքը՝ ավելի դժվարացնելով միջազգային ատյաններում այդ իրավունքի իրացման հնարավորությունը։

Դ) «Արցախի Հանրապետության կարգավիճակը, ներառյալ Հադրութի եւ Շուշիի շրջանները, Հայաստանի և Արցախի միջև անխափան և ազատ հաղորդակցությունը, հայերի վերադարձն իրենց մշտական բնակության վայրերը, արցախահայության անվտանգությունը և ռուսական խաղաղապահ առաքելության հետ մշտական աշխատանքը պետք է դառնան մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունները»։

Այստեղ մի արձանագրում անենք. սույն հայտարարությունն ստորագրողներից շատերը երկու ամիս առաջ, «սատարելով Արցախի Ազգային ժողովին, 2022 թ. փետրվարի 18-ին նրա ընդունած՝ «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» օրենքին»՝ ստորագրել էին մի այլ նմանօրինակ հայտարարություն, որում, ըստ էության, պաշտպանում էին Արցախի Հանրապետության «տարածքային ամբողջականությունը» մինչպատերազմական սահմաններով։ Հիմա խոսում են միայն Շուշիի եւ Հադրութի մասին, այսինքն՝ Արցախի Հանրապետություն ասելով նկատի ունեն նախկին ԼՂԻՄ սահմանները։ Եթե փոխել են իրենց համոզմունքը՝ ազնիվ կլիներ դրա մասին հատուկ հայտարարություն անել եւ բացատրել, թե ինչու են եկել նոր համոզմունքի։

Ե) «Արցախի անվտանգության երաշխավոր կարող են լինել միայն ժամանակակից և մարտունակ Արցախի պաշտպանության բանակը և Հայաստանի զինված ուժերը»։

Նախ՝ այսպիսի պնդում անող հարգարժան մտավորականները պարտավոր են բացատրել, թե Արցախի բանակը եւ Հայաստանի զինված ուժերը ժամանակակից եւ մարտունակ դարձնելու խնդիրը որքան ժամանակ, մարդկային, նյութական ռեսուրսներ եւ անհրաժեշտ գերհզոր սպառազինություն է պահանջում՝ հակառակորդին ծնկի բերելու համար։ Մի հանգամանք էլ. Հայաստանի զինված ուժերին ո՞վ է թույլ տալու մտնել Ադրբեջանի «միջազգայնորեն ճանաչված» տարածք, երբ դա նույնիսկ արգելվում է ՀՀ ԱԺ պատգամավորներին։

Զ) «Հայրենիքը վեր է ամեն ինչից և չի կարող վտանգվել որևէ պարագայում»։

Այստեղ էլ կեղծիք կա՝ մտքի ժամանակավրեպության իմաստով։ Հայրենիքը չվտանգելու ազնիվ մտահոգությունը կարելի էր հայտնել մինչեւ պատերազմը՝ ամբողջ 20-22 տարի՝ իշխանությանը հեռու պահելով ակնհայտ արկածախնդրական ընթացքից։ Անցած պատերազմով Հայրենիքը ոչ միայն արդեն իսկ վտանգված է, այլեւ՝ աղետի ենթարկված։ Ու հիմա խնդիրը հնարավոր նոր աղետները կանխելն է, ոչ թե նմանօրինակ «հերոսական» հայտարարություններով դրա հնարավորությունը բազմապատկելը։

***

Այս հայտարարությանը Լեւոն Տեր-Պետրոսյանի տված «ողորմելի մանիֆեստ» գնահատականին հակադարձողներից մեկը (ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը) ոչ մի կերպ չի հասկանում, թե ինչով է պայմանավորված «միայն հայ գիտնականների, մտավորականների հանդեպ, հատկապես վերջին շրջանում, նախկին նախագահի բացասական գերուշադրությունը և ձաղկող քննադատությունը» https://hraparak.am/post/cc2e8b65a5ca632fe1c56968f46c577f։

Հնարավորինս կարճ ու մատչելի բացատրենք։

Քաղաքական ուժերը իշխանության հասնելու կամ այն պահպանելու (այսինքն՝ իրենց խմբակային շահերի) համար հաճախ են խաղում մարդկանց ազգային եւ հայրենասիրական զգացումների վրա՝ անիրատեսական, չհաշվարկված խոստումներով ու կոչերով։ Դա շատ վատ է, բայց տարածված գործելակերպ է, եւ՝ ոչ միայն մեզանում։ Գործնական քաղաքականության մեջ դա տանում է արկածախնդրության՝ աղետներ բերելով նույն այդ ժողովրդի գլխին։

Ցանկացած հասարակություն խոցելի է «հայրենասիրական», «ազգասիրական» կոչերի ու խոստումների առջեւ։ Դրա դեմ կա մի արգելակ, պատնեշ, կանխարգելիչ միջոց՝ դա ազգի մտավորականության խոսքն է։ Մի կողմից՝ քաղաքական հավակնություններ չունենալով ու նման շահեր չհետապնդելով, մյուս կողմից՝ իր տիտղոսներով, ճանաչվածությամբ, հասարակական դիրքով այն հանրային ընկալման մեջ հեղինակություն է, նրա խոսքին հավատում են, վստահում։ Այն դեպքերում, երբ երկրի ընթացքը խոտոր է, քաղաքական դաշտում արկածախնդրական ծրագրերի ու կոչերի մրցույթ է, մտավորականի կոչումը չլռելն է, հասարակությանը զգուշացնելը, բացատրելը, արկածախնդրական ընթացքին ընդդիմանալը։ Լռելը, ոչինչ չասելը մտավորականի իր կոչմանը դավաճանել է նշանակում։ Բայց դա դեռ ոչինչ, գլուխը՝ քարը։ Իսկ երբ նա էլ ոչ մի կերպ չի ուզում ետ մնալ քաղաքական ուժերի (իշխանական, թե ոչ իշխանական) «հայրենասիրական», «ազգասիրական» խրախճանքից, պատկերավոր ասած՝ «յուղ է լցնում կրակի վրա», դրանով անխուսափելի է դարձնում նույն այդ արկածախնդրական ընթացքը, եւ երաշխավորված՝ դրա բերած աղետները։

Դա արդեն ոչ միայն դավաճանություն է մտավորականի կոչմանը, այլեւ՝ նյութական եւ հումանիտար աղետալի հետեւանքներով հղի ծանր հանցագործություն սեփական ազգի, ժողովրդի նկատմամբ։

Օրինակներ բերե՞նք, թե՞ հասկանալի է։

Հուսանք՝ հասկանալի է։

Ուրեմն հասկանալի պետք է լինի նաեւ, թե ինչու է հատկապես գերվտանգավոր այս «վերջին շրջանում» Լեւոն Տեր-Պետրոսյանը այդքան կարեւորում մտավորականության դերը։

Լեւոն Տեր-Պետրոսյանը միակ մտավորականը չէ, որ ահազանգում, զգուշացնում է նմանօրինակ վտանգների մասին։ Հարյուր տարի առաջ, 20-րդ դարասկզբին կայացած աղետները նկատի ունենալով, նույն բանը ինքնախարազանման դառը խոսքով խոստովանել է այնպիսի ազգային մեծություն, անվերապահ հեղինակություն, ինչպիսին պատմաբան Լեոն է։ Եւս մի անգամ ներկայացնենք նրա կարեւոր այդ խոսքը, որ մեջբերում է Ավետիք Իսահակյանն իր հուշերում.

«Շատ տարիներ Կովկասից բացակայելուց հետո, երբ վերստին դարձա հայրենիք, իմ հին բարեկամ Լեոյին տեսա Երևանում: Վաղաժամ ծերացած գտա նրան և առողջությունը խաթարված, սակայն հոգեպես Ղարաբաղի լեռների նույն կաղնին էր: Մինչև ուշ գիշեր, նստած գրասեղանի առաջ, զրույց էինք անում: Նրա զարհուրելի հիշողությունը, որ բնավ թառամած չէր, ողողում էր կարծես ինձ: Պատմում էր մանկությունից, Շուշուց, Ղարաբաղի հնից ու նորից, մելիքների, կաթողիկոսների, խաների կյանքից, պատերազմներից, գրողներից, հեղինակներից, գրքերից ու գրքերից, և հազար դեպքեր, դեմքեր, անցքեր, անձեր, անեկդոտներ։… Մեծ պատերազմում հայ ժողովրդի կրած սարսափն ու աղետը դառնությամբ լցրել էին նրա հոգին: Այդ անհնարին վշտի ծանրությունից փշրվել էր նա: «Հայության վիշտը ես միայն գերեզմանի մեջ կմոռանամ: Բայց ո՞վ է մեղավորը,- ասում էր նա ինձ,- մենք ենք մեղավորը, մենք՝ մտավորականներս, գործիչներս, դու, ես և բոլոր նրանք: Մեր ժողովուրդը մեղավոր չէ: Այլ մենք, որ այնպես հիմար եղանք, տգետ, որ հավատացինք շահամոլ, դրամատիրական-բուրժուական Եվրոպային, որի համար գաղութների ոչխարների կյանքը ավելի արժեք ունի, քան հայերը, քան փոքր ճնշված ազգերը: Մենք, որ երեխաների պես հավատացինք լուսավոր մարդկության խղճմտանքին, մարդկայնությանը, վաճառվող միջազգային մամուլին, բորենի, շնական դիպլոմատներին… Մենք, պոռոտախոսներս, մեծ խոսողներս, մենք, որ ստեղծեցինք և սնուցինք կուսակցություններ, որոնց մեջ մարմնացավ հայ մտավորականների պոռոտախոսությունը, պարծենկոտությունը և եղեռնական տգիտությունը» (Ավետիք Իսահակյան, «Իմ հուշերից», 1933 թ.)։

Այսպիսի մի առիթով ասել ենք, կրկին հիշեցնենք, որ տարբեր ձեւակերպումներով նույն բանն ասել են նաեւ Առաջին հանրապետության շրջանի մի շարք մտավորական գործիչներ (Հովհաննես Քաջազնունի, Ալեքսանդր Խատիսյան, Սիմոն Վրացյան, Ստեփանոս Սապահգյուլյան, Լեւոն Չորմիսյան)։

Տարբերությունն այն է, որ նրանք այդ արձանագրումներն արել են հետին թվով՝ ազգային աղետներից հետո, Առաջին նախագահը (նաեւ նրանց խոսքն ու  դառը փորձի դասերը նկատի ունենալով) նույն բանի մասին ահազանգում է արդեն 30 տարի, ահազանգում է՝ կանխելու համար իրադարձությունների հերթական հնարավոր աղետաբեր ընթացքը։

Այնպես որ, եթե խնդրո առարկա հայտարարությունը ստորագրած մտավորականները այս հարցում բանավիճելու խնդիր ունեն, ինչպես մի անգամ արդեն ասել է Լեւոն Տեր-Պետրոսյանը, թող  գնան ու բանավիճեն Լեոյի, Ավետիք Իսահակյանի եւ վերը նշված մյուս մտավորական գործիչների հետ։

Աշոտ Սարգսյան



Նախորդ հոդվածը«Ռեալի» նախագահ․ Այս տարի Բենզեման պետք է ստանա «Ոսկե գնդակը»
Հաջորդ հոդվածը«Լիվերպուլն» ամռանը կվաճառի Սալահին