‘Թե ինչու ԺՀՄԻԳ-ն այս անգամ չի ներկայացրել Կարիքների գնահատման զեկույց’

947

Սովորաբար ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը որևէ երկրում կայանալիք համապետական ընտրություններից առաջ հրապարակում է Needs Assessment Report՝ Կարիքների գնահատման զեկույց, որտեղ գնահատվում է ընտրություններից առաջ այդ երկրում տիրող իրավիճակը: Դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով արդեն Հայաստան են ժամանել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի երկարաժամկետ դիտորդները, սակայն Կարիքների գնահատման զեկույց՝ Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններից առաջ, այդպես էլ չի հրապարակվել: Ո՞րն էր նման զեկույց չհրապարակելու պատճառը: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար դեսպան Հեյդի Տալիավինին iLur.am-ին հղված պատասխանում զեկույցը չհրապարակելու պատճառների մասին խոսելով՝ նշել է, որ «ԺՀՄԻԳ-ի՝ դիտարկում իրականացնելու մեթոդաբանությունը ներառում է նախքան ընտրությունները տվյալ երկիր ուղարկվող «Կարիքների գնահատման առաքելություն», որը, անհրաժեշտության դեպքում, ներկայացնում է առաջարկություններ առ այն, թե դիտարկում իրականացնելու ո՞ր ձևը կնպաստի առավելագույնս համապարփակ առաջարկություններ ներկայացնելու համար, որոնք ուղղված կլինեն ժողովրդավարական ընտրությունների կազմակերպման բարելավմանը»:

«Քանի որ գրասենյակն այդպիսի առաքելություն Հայաստան է ուղարկել բոլորովին վերջերս՝  2012 թ. խորհրդարանական ընտրություններից առաջ, այս պարագայում մեկ այլ Կարիքների գնահատման առաքելության իրականացումը նպատակահարմար չգտնվեց: Հիմք ընդունելով 2012 թ. խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ընտրության դիտարկման առաքելության (ԸԴԱ) բացահայտած խնդիրներն ու եզրակացությունները՝ որոշվեց, որ 2013 թ. ԸԴԱ-ն կլինի նախորդ ընտրություններում կիրառված ձևաչափին նման»,- ասված է տիկին դեսպանի կողմից iLur.am-ին ուղարկված պատասխանում: 

Նախորդ հոդվածը‘Բակո Սահակյանը հանդիպել է Արտակ Շաբոյանի գլխավորած պատվիրակության հետ’
Հաջորդ հոդվածը‘Եկել ես ստեղ, որ ի՞նչ անես. (Տեսանյութ-Remix)’