‘Թե ինչու Սերժ Սարգսյանը չբարձրացրեց թոշակները ‘

746

«Ինչի՞ ես պահում Տիգրան Սարգսյանին, նա մեր թշնամին է»: Tert.am-ի փոխանցմամբ՝ այսօր քաջարանցի թոշակառուներից մեկը նման հարց է ուղղել Սյունիքի մարզ մեկնած Սերժ Սարգսյանին: Ըստ կայքի՝ քաղաքացին իր ասածը բացատրել է հետևյալ կերպ. «2008-ին, երբ դուք նորից էստեղ էիք, խոստացաք, որ թոշակները կրկնակի են դառնալու, բայց դա չարվեց: Վարչապետը՝ Տիգրան Սարգսյանը, լավ չի աշխատում, ոչ մի բան չի անում մեր համար: Դուք մի քանի անգամ ասել եք, որ սիրում եք ձեր հայրենիքն ու ժողովրդին, իսկ նա՝ ոչ մի անգամ»:

Ի պատասխան՝ Սարգսյանը հայտարարել է, թե մամուլում շատերն են բողոքում իր ու վարչապետի աշխատանքից, սակայն հավելել է, թե Տիգրան Սարգսյանը պրոֆեսիոնալ աշխատող է, տիրապետում է տնտեսական ողջ գործընթացին:

Հետո տեղի է ունեցել ամենահետաքրքիրը: Սերժ Սարգսյանը «պարզաբանել է», թե ինչու չի կատարել իր խոստումը: Պարզաբանումը, սակայն, բավականին տարօրինակ է ստացվել, քանի որ պարզաբանման սկզբի և ավարտի տրամաբանական կապն այդպես էլ չի երևում:

«Ես իրոք խոստացել էի, որ էապես բարձրացնելու ենք թոշակները, բայց, ցավոք, միշտ չէ, որ հնարավոր է լինում իրականացնել, որովհետև տնտեսության զարգացումը միայն մեզանից չի կախված: Խնդրում եմ վերադարձեք ու հիշեք՝ ինչ էր կատարվում մեր երկրում 2008-ի սկզբին: Մարտի մեկի իրադարձությունը հասարակությունը բաժանել էր մի քանի մասի, և շատ մեծ թշնամություն կար, այդ ընթացքում սկսվեցին խոսակցություններ ճգնաժամի մասին, և ամբողջ աշխարհը զգաց դա իր վրա: Առաջին անգամ այդ ժամանակ մեր տնտեսությունը 14%-ով պակասեց, մեր հարևանությամբ պատերազմ սկսեց, և պետք էր այնպես անել, որ ապագան չվտանգվեր։ Պետք էր հսկայական աշխատանք ու ջանք, որպեսզի ԼՂՀ հարցում բանակցություններում կարողանանք հետընթացի անիվը կանգնեցնել ու առաջ շարժվել:… 2012-ին ՀՀ-ում գրանցվել է 7% տնտեսական աճ, այն պայմաններում, երբ համաշխարհային տնտեսությունը աճել է 2%-ով: Չեմ ասում՝ մեծ ցուցանիշ է, բայց էլի լավ է»,- ասել է Սերժ Սարգսյանը` հավելելով, թե այս հանգամանքներով էր պայմանավորված այն, որ թոշակների բարձրացում չեղավ:

Սա, հիշեցնենք, այն հարցի պատասխանն էր, թե ինչու Սերժ Սարգսյանը չէր բարձրացրել իր թոշակը`այնպես, ինչպես որ խոստացել էր:

Ուրեմն, ըստ Սերժ Սարգսյանի տրամաբանության՝ ստացվում է. ինքը 2008-ին խոստացել էր բարձրացնել թոշակները, բայց մարտի մեկից հետո հասարակությունը բաժանվեց մի քանի մասի (թե ինչ եղավ մարտի մեկին, ով արեց, ինչպես՝այդ մասին, բնականաբար, ոչ մի խոսք), հետո այդ մի քանի մասի բաժանված հասարակությունը սկսեց խոսել ճգնաժամից ու, փաստորեն, այնպես նավսեց, որ ճգնաժամը, ի հեճուկս ՀՀ իշխանությունների, հասավ Հայաստան (հիշում եք, չէ՞` Տիգրան Սարգսյանը հայտարարում էր, թե տնտեսական ճգնաժամը Հայաստան չի հասնելու), տնտեսությունը սկսեց անկում ապրել, Վրաստանում պատերազմ էր, ԼՂ հարցն էլ մի կողմից էր խանգարում, ու էդպես Սերժ Սարգսյանը չկարողացավ թոշակները բարձրացնել:

Ավելին, դեռ մի բան էլ այժմ գլուխ է գովում, թե ուրիշ տեղերում թոշակները դեռ մի բան էլ կրճատվում էին, իսկ մեզ մոտ գոնե եղածը պահպանել են` խորամանկորեն չխոսելով այն մասին, որ ուրիշ տեղերի և մեր թոշակների չափերը լիովին տարբեր են:

Բայց դա դեռ՝ մի կողմ: Անդրադառնանք Սերժ Սարգսյանի հիմնավորումներին. ուրեմն, պարզվում է, որ թոշակների չբարձրացման մեղավորը Հայաստանին առնչվող բոլոր  իրադարձություններն էին: Բայց Սերժ Սարգսյանը մի՞թե չի հասկանում, որ մարդ, ով հավականում է դառնալ նախագահ, հենց այդ ունակությունները պետք է ունենա, որ նախապես հաշվարկներ անի, թե ինչ զարգացման պարագայում ինքը ինչ քայլեր պետք է անի: Եթե չի կարողանում հաշվարկել, կամ եթե սխալ հաշվարկ է անում, ապա սխալվելուց հետո նման իշխանությունները հրաժարական են տալիս:

Իսկ մեր պարագայում, իրականությունն, իհարկե, այլ է: Սերժ Սարգսյանը չի տվել որևէ խոստում`այն իրականություն դարձնելու նպատակով: Հիմա էլ խոստումներ է տալիս, որոնք նորից չի կատարելու: Ոչ թե այն պատճառով, որ էլի տնտեսական ճգնաժամ է լինելու, կամ էլ այն ժամանակ ճգնաժամն էր մեղավոր, այլ որովհետև չի կարող իրական բարեփոխումներ անել մի իշխանություն, որն ինքը հետադիմական է, որի գործողությունները օրիանականության և սահմանադրականության դաշտից դուրս են: Սա է: Իսկ մնացածը նախընտրական քարոզարշավի տնազ է:

Քրիստինե Խանումյան

«Չորրորդ Ինքնիշխանություն» 

Նախորդ հոդվածը‘Բիզնես կարգի մի տոմսը՝ իմ միակ պահանջն էր. Գևգեոզյանը հրաժարվել է միանալ Հայաստանի հավաքականին ‘
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանական շրջկենտրոնում անկարգությունները վերսկսվել են’