‘Թե ինչպես էր 1000 դրամանոցը հատվել վրիպակով’

1602

1993 թվականին հենց այս օրը՝ նոյեմբերի 22-ին, շրջանառության մեջ դրվեց հայկական դրամը: iLur.am-ը զրուցել է Բագրատ Ասատրյանի հետ, ով այդ ժամանակ լինելով Գերագույն Խորհրդի անդամ՝ իր անմիջական մասնակցությունն է ունեցել հայկական դրամի ստեղծման գործում: Հետագա տարիներին Բագրատ Ասատրյանը նախագահել է Կենտրանական բանկը:

Ինչպես գիտենք, Գերագույն Խորհրդի կողմից Անկախության մասին հռչակագրով սահմանվում էր ազգային արժույթն ունենալու կետը՝ որպես պետությունը բնութագրող էլեմենտներից մեկը:

«Եթե չեմ սխալվում՝ 1991 թվականն էր, երբ Գերագույն Խորհուրդը ազգային արժույթ ունենալու մասին հատուկ որոշում կայացրեց, սահմանվեցին «դրամ» և «լումա»  տերմինները, լուման պետք է մանրադրամ լիներ, հայտարարվեց մրցույթ՝ տարադրամի նմուշների համար»,- ասաց Բագրատ Ասատրյանը:

Նրա խոսքով՝ այդ ժամանակ չկար մասնագիտական կառույց, որը պետք է մրցույթներ ու որոշումներ կայացներ, ուստի հանգամանքների բերումով՝ այդ պարտականությունն ընկավ քաղաքական մարմնի՝ Գերագույն Խորհրդի վրա, իսկ ԳԽ-ն վճռեց այնպես, ինչպես որ վճռեց:

Բագրատ Ասատրյանը հիշում է, թե ինչպես  էին նկարիչները ներկայացել մրցույթին ՝ մեծ պաստառների վրա ցուցադրելով նմուշներ, որոնք արված էին տարբեր գաղափարներով: Իհարկե, իշխողը ազգայինն էր: Հենց ազգային խորհրդանիշների ներկայացումն էլ դրվեց փողերի առաջին նմուշի հիմքում:

«Ձևավորվել էր աշխատանքային խումբ, որով խնդիր էր դրվել պահպանել փողի նմուշի բնութագրերը, որպես օրինակ՝ պատկերված լինեին գիտության, մշակույթի գործիչներ: Կարող եմ  որպես գաղտնիք ասել, որ 20 000 դրամանոցի վրա Սարյանի կտավը դնելն իմ գաղափարն էր, իսկ, ահա, 1000 դրամանոցի վրա ես եմ առաջարկել Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության տողերը զետեղել»,- անկեղծացավ զրուցակիցը՝ մանրամասնելով, որ հենց այդ պատճառով էլ եղել են տարակարծություններ, թե արդյոք որևէ երկրի արժույթի վրա կա՞ն  նմանատիպ գրառումներ: Բագրատ Ասատրյանը կարողացել է գտնել մի նմուշ, որից հետո  բանաստեղծական տողերը զետեղելու գաղափարն ընդունվել է բոլորի կողմից:

«Եղել են նաև սխալներ. իմ խորին համոզմամբ՝ այդ նույն տողում «արևահամ բառն եմ սիրում»-ի «բառ»-ը պետք է լիներ «բար». կարծել եմ, որ նկատի է ունեցել բարին, բարիքը: Իմ համառության արդյունքում՝ հաստատված առաջին նմուշները թողարկվեցին այդ վրիպակով, բայց հետո ես ինքս համոզվեցի, որ սխալ եմ՝ տեսնելով այդ բանաստեղծության ռուսերեն թարգմանությունը, որը կատարել էր հենց հեղինակը՝ Չարենցը»,-  մանրամասնեց Բ. Ասատրյանը:

Նա մի մի գաղտնիք էլ բացահայտեց. թե ինչպես 50 դրամանոցի վրա Վիկտոր Համբարձումյանի նկարը դնելու համար դիմել էին ընտանիքի անդամներին, սակայն հարազատներից  Ռուբեն Համբարձումյանը չէր համաձայնել ՝ պատճառաբանելով, որ փողի փոքր նմուշի վրա պատշաճ չէ տեղադրել Վիկտոր Համբարձումյանի նկարը:

«Մի քանի հանդիպումների ընթացքում պնդեցի, որ փոքր թղթադրամն ավելի մասսայական է, ավելի շատերին է հասնելու, իսկ Վիկտոր Համբարձումյանն արժանի է, որ մտի ամեն մի տուն»,- նշեց Բ. Ասատրյանը՝  բացահայտելով, թե ինչպես հետագայում արդեն իսկ ձևավորված ԿԲ-ն նախաձեռնեց հայկական փողի առանձնահատկությունների հետազոտությունը:

Նրա խոսքով՝ պարզվեց, որ հայկական փողի որակավորումն ըստ դիզայնի ու ընտրված խորհրդանիշների՝ ավելի մոտ է ասիական-աֆրիկյան երկրների թղթադրամներին:  Ուսումնասիրության արդյունքում նաև եզրակացվեց, որ փողի եվրոպական մոդելը մշակույթի գործիչներին ներկայացնելն է, իսկ ասիական-աֆրիկյանն առավելապես հակված է ներկայացնել շինություններ և քաղաքական գործիչների:

Բ. Ասատրյանի խորին համոզմամբ՝ հայերն իրենց էությամբ եվրոպացի են, դրա համար թե՛ կենցաղը և թե՛ մեր փողը պետք է եվրոպական լինեն:

Նա նշեց նաև, որ հանգամանքների բերումով՝ Հայաստանը վերջիններից էր, որ շրջանառության մեջ մտցրեց ազգային արժույթը, և ըստ այդմ՝ կրեց նաև վերջինը լինելու ծանրությունը:

«Բուն փոխանակման գործընթացի վերաբերյալ կարող եմ ասել հետևյալը. քաղաքական վճիռը կայացվել էր 1993 թվականի օգոստոսին, որից հետո ստեղծվեցին նորմատիվային աշխատանքներ, աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու համար հոկտեմբերի վերջին ստեղծվեց ներկայացուցչական մարմին,քանի որ այդ ժամանակ դեռ չունեինք Կենտրոնական բանկ, իսկ շրջանառության մեջ դնելու վերջնական վճիռները ներկացվեցին արդեն նոյեմբերին: Սկսած նոյեմբերի 22-ից՝ մեկ շաբաթվա ընթացքում ազգային արժույթը պետք է շրջանառության մեջ դրվեր:

Մի կարևոր հանգամանք, որի մասին իրավասու պաշտոնյաներն անգամ տեղյակ չեն: Քննադատում են, թե դոլարի նկատմամբ  դրամի փոխարժեքը ճիշտ չի  սահմանվել: Սակայն վճիռը շատ պարզ էր. նախկին ԽՍՀՄ-ի 1992 թվականի նմուշի ռուբլու փաստացի փոխարժեքը փոխանցվեց հայկական դրամին:

Ասում են, թե համամասնությունը սխալ է եղել, սակայն շատ տրամաբանական և ճիշտ վճիռ էր, քանի որ մենք չէինք կարող օդից թվեր վերցնել»,- նկատեց զրուցակիցը:

Վերջինս պատմեց, որ երկար ժամանակ հայկական մետաղադրամ չի եղել, օգտագործվել է նախկին սովետական ռուբլին, իսկ արդեն փետրվարի վերջին տեղ էր հասել մետաղադրամի առաջին խմբաքանակը:

Ըստ Բ. Ասատրյանի՝ փոխանակման գործընթացն իրականացվել է կարճ ժամանակում:

«Ես այդ ժամանակ եղել եմ ԼՂՀ-ում, որպես Գերագույն Խորհրդի ներկայացուցիչ՝ այդտեղ կազմակերպում էի դրամը շրջանառության մեջ դնելու ու փոխանակելու գործընթացը: Պայմանները աննկարագրելի էին: Օրինակ՝ չկար ավտոմեքենա, որով կարելի էր մեկնել Արցախ: ՀՀՇ վարչության նախագահի տնօրինության տակ կար «ՆԻՎԱ» մակնիշի ավտոմեքենա, ես ինքս նստել եմ ղեկին ու ԿԲ-ի ներկայացուցիչների հետ մեկնել Արցախ և կազմակերպված, նույնիսկ լույսի, կապի և տրանսպորտի բացակայության պայմաններում, երկու օրվա ընթացքում ողջ ԼՂՀ տարածքով դրամը փոխանակել, իսկ երրորդ օրն արդեն Արցախում դրամը շրջանառության մեջ էր դրված: Նույն ձևով էլ մեկ շաբաթվա ընթացքում կազմակերպվեց ՀՀ-ում դրամի փոխանակման գործընթացը»,- մանրամասնեց Բ. Ասատրյանը:

Վերջինս համոզված է, որ միակ քաղաքական ուժը, որն ազգային արժույթ ունենալու խնդիր էր դրել՝  Հայոց Համազգային Շարժումն էր:

«Այնպես չէր, որ Հայաստանի առաջին հանրապետությունը ազգային դրամ չէր ունեցել, ունեցել է փաստացի, ի թիվս այլ թղթադրամների, բայց պաշտոնապես շրջանառության մեջ չի դրվել, տպագրվել, բերվել է Հայաստան, սակայն չէին հասցրել շրջանառության մեջ դրվել, իսկ ահա 1993 թվականին Հայաստանն ունեցավ իր ազգային արժույթը»,- եզրափակեց Բ. Ասատրյանը:

Լուս.` համացանցից 

 

 

 

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանը պաշտպանում է Պաղեստինի՝ ՄԱԿ-ի անդամ դառնալու նախաձեռնությունը’
Հաջորդ հոդվածը‘Մխիթարյանով հետաքրքվածների թիվն ավելանում է’