‘Թե ինչպես է կառավարությունը խթանելու ծնելիությունը 18-20 տարեկան կանանց շրջանում’

969

Հայաստանի կառավարությունը ցանկանում է խթանել ծնելիությունը 18-20 տարեկան աղջիկների շրջանում։ Սա որպես գերակա խնդիր ներառվել է կառավարության 2013 թվականի ծրագրում։ Թեմայի առնչությամբ հետաքրքիր ռեպորտաժ է պատրաստել «Ազատություն» ռ/կ-ն: Որոշ ուշագրավ դրվագներ՝ այդ ռեպորտաժից:

Ըստ այդմ, մինչև 20 տարեկանների շրջանում ծնելիությունը խթանելու, ինչպես նաև մատչելի բնակարանների ձեռքբերումը բարելավելու և մարզաբնակ երիտասարդներին բիզնես վարկեր տրամադրելու միջոցով կառավարությունը նպատակ ունի առողջացնել Հայաստանում ժողովրդական պատկերը, այդ թվում՝ կանխել արտագաղթը։
Ուշագրավ են հատկապես այն մեթոդները, որոնցով կառավարությունը նպատակ ունի խթանել ծնելիությունը 18-20 տարեկան կանանց շրջանում։ Մասնավորապես, սպորտի և երիտասարդության փոխնախարար Արսեն Քարամյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրեց, որ եթե 18-20 տարեկան աղջիկները ամուսնանան և մայրանան, ապա կառավարությունը դրա դիմաց պատրաստ է սուբսիդավորել երիտասարդ մայրերի ուսման վարձը։ Փոխնախարարը վստահ է, որ աղջիկները հետաքրքրված կլինեն այս ծրագրով, սակայն ասաց՝ կոնկրետ տվյալներ չունի, թե այդ տարիքային խմբի աղջիկներից քանիսը կցանկանա այդ տարիքում մայրանալ։
«Բայց այն, որ մեր գերակա խնդրի սահմանումը հիմնված է միջազգային փորձի լրջագույն ուսումնասիրության, մյուս կողմից էլ մեզանում կատարված լայնածավալ ուսումնասիրողական նյութի արդյունքների հիման վրա կարող ենք վստահ լինել»,- ասաց Քարամյանը։
Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է նախարարությունը ցանկանում խթանել ծնելիությունը հենց 18-20 տարեկան աղջիկների շրջանում, Քարամյանը, կրկին հղում անելով տարբեր ուսումնասիրություններին, ընդգծեց, որ եթե մինչև 20 տարեկանը կինը մեկ երեխա է ունենում, ապա 24 տարեկանում հաջորդում է երկրորդ երեխայի ծնունդը։
Պարզ է, որ ծնելիության խթանումը միակողմանի գործընթաց չէ, այսինքն անհրաժեշտ են տղաներ, ովքեր պատրաստ են ամուսնանալ և երեխաներ ունենալ։ Մինչդեռ պոտենցիալ հայրերից շատերը այսօր աշխատանք չունեն, բնակարանային խնդիրներ ունեն, որոնց պատճառով էլ ձգձգում են ամուսնությունը։ Հարցին, թե արդյոք այս հանգամանքը չի վնասի՞ ծնելիությունը խթանելու իրենց ծրագրին, փոխնախարարը պատասխանեց. -«Ամուսնության ցանկության պարագայում դրանք լուծվող խնդիրներ են»։
Կառավարության այս ծրագրի հնարավոր մասնակիցները բավական զվարճանում էին, երբ լսում էին դրա մասին։ Երիտասարդ աղջիկները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում տրամաբանական հարցադրումներ էին անում, թե ուսման վարձի սուբսիդավորմամբ հնարավո՞ր է երեխա պահել, և շեշտում, որ ընտանիք պահելու համար երիտասարդը ոչ թե ուսման վարձի կարիք է զգում, այլ լավ վարձատրվող աշխատանքի։

Նախորդ հոդվածը‘Օմբուդսմենը առաջարկում է դատապարտյալներին ներգրավել նոր բանտերի շինարարության աշխատանքներում’
Հաջորդ հոդվածը‘Հալեպ-Երեւան ավտոբուսի ուղեւոր 5 տղամարդու առեւանգել են’