‘Թե ինչպես Ղարաբաղը օկուպացրեց Չինաստանը. Թարգմանական կազուսներ’

987

Գոյություն ունի ոսկե օրենք. թարգմանիչը ճշգրտորեն լեզվից լեզու է փոխանցում գրավոր կամ բանավոր խոսքը: Ոչ մի քայլ` այս կամ այն կողմ: Սակայն կյանքը մտցնում է իր ուղղումները, և լինում են դեպքեր, երբ թարգմանիչը միանգամայն հակառակն է ասում, որը լիովին արդարացված է: 

Այսպես` ԽՍՀՄ-ի տեխնիկական օգնությամբ Ալժիրում կառուցված Էլ Հաջարի մետալուրգիական գործարանի բացման արարողությանը մասնակցելու նպատակով Մոսկվայից ժամանում է պաշտոնական պատվիրակություն` Տնտեսական համագործակցության պետական կոմիտեի նախագահ Կիրիլ Սկաչկովի գլխավորությամբ: 

Բացի այն, որ նրա տարիքը բավական առաջացած էր, ինքն էլ` վատառողջ, ինքնաթիռից իջնելուց հետո` մինչև մեկնելը, ինչպես ռուսներն են ասում` «չէր չորանում», այսինքն` խմում էր: Պաշտոնական արարողության ժամանակ, չնայած նրա համար գրված տեքստին, նա սկսում է այսպես. 
Սիրելի թուրք բարեկամնե՜ր

Թարգմանում էր երիտասարդ դիվանագետ Յուրի Ֆեդոտովը (տարիներ անց նա դարձավ ՌԴ-ի ներկայացուցչի տեղակալը ՄԱԿ-ում, այնուհետև նշանակվեց փոխարտգործնախարար, իսկ ներկայումս ՌԴ-ի դեսպանն է Լոնդոնում): 

Սիրելի ալժիրցի բարեկամներ,– թարգմանում է Ֆեդոտովը: 
Արարողությանը ներկա բազմաթիվ ալժիրցիներ, որ խորհրդային բուհերի շրջանավարտներ էին, սկսում են ծիծաղել: Սկաչկովն առանց հասկանալու, թե ինչ է կատարվում, շարունակում է. 
Սիրելի թուրք բարեկամնե՜ր, Խորհրդային Միությունն օգնեց ձեզ կառուցելու Իսկենդերունի մետալուրգիական գործարանը
Սիրելի ալժիրցի բարեկամներ, Խորհրդային Միությունն օգնեց ձեզ կառուցելու Էլ Հաջարի մետալուրգիական գործարանը,– թարգմանում է Ֆեդոտովը: 

Ծիծաղը սաստկանում է: 

Սկաչկովի կողքին կանգնած դեսպան Վասիլի Ռիկովը արմունկով հրում է նրան. 
Լսիր, դու Ալժիրում ես, սրանք էլ թուրքեր չեն
Մեղա քեզ, Տեր, ուրեմն սրանք թուրքեր չեն (Ой, батюшки, оказывается они не турки!),–բացականչում է բանախոսը: 

Սկաչկովի «ռեկորդը» ավելի ուշ կրկնել է Բրեժնևը՝ Բաքվում: 

…Ֆրանսիացիների լեզուն հոյակապ է, հարուստ, մեղեդային, ճկուն: Բայց արի ու տես, որ նրանք չունեն «չ» հնչյունը և տառը, ուստի հնչյունն արտասանելու համար միացնում են երեք տառ` «tch»: Սակայն, բոլոր դեպքերում, լինելով պահպանողական և մի քիչ էլ մեծամիտ, ես կասեի` մի քիչ էլ անընդունակ այլ լեզուների մեջ, «չ» պարունակող օտար բառերում ֆրանսիացին այդ հնչյունն արտասանում է «շ»: 

Այս քարացած սովորույթը մի օր պատճառ դարձավ դիվանագիտական սկանդալի, երբ թուրքական պատվիրակության հայտարարության մեջ նշված հնչյունաբանության ազդեցությամբ կամ պարզապես թարգմանչի «թեթև ձեռքով» հայկական Լաչինը դարձավ Լա Շին, այսինքն` ոչ ավել, ոչ պակաս` Չինաստան: 

Հոֆբուրգ պալատում, որտեղ տեղի էին ունենում ԵԱՀԽ-ի (1995-ից` ԵԱՀԿ) նիստերը, բուռն քննարկումներ էին սկսվել Լաչինի՝ հայկական զինուժի կողմից գրավման կապակցությամբ: Թուրքերի ճնշմամբ ընդունված բանաձում ասվում էր. «Երեկ Հայկական զորքերն օկուպացրին Լաչինը»: Թարգմանությունը վեց լեզվով էր, այդ թվում` ֆրանսերեն: Եվ այսպես` ֆրանսերեն թարգմանիչն ասում է. 
– Hier l’Armée d’Arménie a` occupée la Chine (Երեկ Հայաստանի բանակն օկուպացրեց Չինաստանը): 

Ասվածը թերևս մնար աննկատ կամ գրավեր միայն ֆրանսերեն իմացողների ուշադրությունը: Սակայն դահլիճում ներկա էր Չինաստանի ներկայացուցիչը` ԵԱՀԽ-ի դիտորդի կարգավիճակով: Նա սկանդալ է սարքում, որը դուրս է գալիս դիվանագիտական նորմերի սահմաններից: Նիստն ընդհատվում է: Հետո` վերսկսվում: Բոլոր պատվիրակները միացնում են վահանակի ֆրանսիական ալիքը և դնում ականջակալները: 

Թարգմանիչը հայտարարում է. 
– Excusez-moi, s’il vous plait, ce m’est pas l’Armée d’Arménie, qui a occupée la Chine, c’est l’Armée de Haut Karabakh, qui a occupée la Chine (Ներեցեք, խնդրում եմ: Հայաստանի բանակը չէ, որ օկուպացրել է Չինաստանը: Դա Լեռնային Ղարաբաղի բանակն է, որ օկուպացրել է Չինաստանը):

ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան

www.diplomat.am

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ վարչապետ. Էլեկտրաէներգիան բանկչության համար չի թանկանա’
Հաջորդ հոդվածը‘Գեղարքունիքի մարզում սգո արարողության ժամանակ տեղի է ունեցել պատշգամբի փլուզում. կա 12 վիրավոր’