‘Թե ինչպես մանրամասն սիրեցի Հայաստանը կամ, համենայն դեպս, նրա մի մարզը…. ‘

963

Վանոյի խոսքերն են՝ «Հայաստանը մանրամասն սիրելու երկիր է»: Ես դրա ճշմարտացիությունը խորապես հասկացա մի քանի օր առաջ, երբ առիթ ունեցա մի խումբ եվրոպացիների հետ այցելել Հայաստանի մարզերից մեկը: Կարելի է ասել՝ բախտս բերեց, որովհետև եվրոպացիները, որ ժամանել էին մեր տեղական ինքնակառավարման ընտրությունները դիտարկելու, ընտրեցին այն մարզը, որտեղ, նախ, ես չէի եղել, և հետո՝ մարզը հարուստ էր պատմամշակութային հուշարձաններով: Ինչ կապ ունեն պատմամշակութային հուշարձաննե՞րը: Դե, ոնց ասեմ: Ախր, ընտրությունները հո միայն ընտրական գործընթացը չեն: Հարկավոր է մի քիչ երկրին էլ ծանոթ լինել, այնտեղ բնակվող մարդկանց կենցաղն ու մշակույթը, այսպես ասած՝ մենթալիտետն ուսումնասիրել, չէ՞: Ես այդպես եմ կարծում: «Իմ» եվրոպացի դիտորդներն էլ էին, ըստ ամենայնի, այդպես կարծում: Դիտորդը հո միայն ընտրությունները դիտարկողը չի՞, նույնիսկ դեպք գիտեմ, որ երկրի նախագահն է իր երկրում կատարվող քաղաքական իրադարձություների ընթացքում ընդամենը դիտորդ եղել… Լավ, ոնց որ թե շեղվեցի, մի նկատառում էլ անեմ, ու վերադառնանք, ինչպես ասում են, մեր «ոչխ…» … ը-ը-ը… դիտորդներին: Ժամանակ առ ժամանակ ընդդիմադիր որոշ ելույթներում ու հոդվածներում բավական անվայել ու անպարկեշտ արտահայտություններ եմ լսել ու կարդացել եվրոպացի պաշտոնյաների հասցեին՝ էլ «Եվրոպան աչքերը փակում է ընտրակեղծիքների վրա», էլ «եվրոյոնջա», էլ կաշառակեր, էլ հարբեցող… Դե, ընտրակեղծիքների մասով բան չեմ կարող ասել, բայց այդ մարդիկ հաստատ աչք չեն փակում մեր մշակութային արժեքների վրա: Աչքովս եմ տեսել: Ճիշտ է, Հայաստանի գեղատեսիլ մարզ կատարած մեր այցելության գլխավոր պատճառը ՏԻՄ ընտրություններն էին, բայց հո ընտրությունները չէին փախչելու, մինչդեռ հուշարձաններ այցելելու մեկ այլ հնարավորություն գուցե և չլիներ: Ու «իմ» եվրոպացիները որոշեցին այցելել. եկեղեցի, հետո մեկ ուրիշ եկեղեցի, հետո՝ էլի մեկը՝ հոյակապ է, հրաշք են ձեր խաչքարերը … Այդ մեկն արդեն ուրիշ մարզում է, իսկ այնտեղ ՏԻՄ ընտրություններ չկան: Դե ոչինչ, այսքան եկել-հասել ենք, մի հատ էլ այդ եկեղեցին այցելենք: Պահո՜, յոթերերդ դար, իսկապես որ անզուգական է, բա երկարշարժից ո՞նց չի վնասվել: Այո՜, հայ շինարա՜րը… Մի խոսքով, տպավորություններն այնքան վառ էին, որ օրվա վերջին «իմ» եվրոպացիները մի կերպ հիշեցին ընտրությունների մասին ու շատ կարճ խորհրդակցելով՝ որոշեցին այցելել այնպիսի մի ընտրատեղամաս, որտեղ ընտրողների թիվը փոքր լինի, ու ձայների հաշվարկի ձանձրալի գործընթացը հնարավորինս կարճ կտևի՝ չհասցնելով խաթարել այդ հրաշալի օրվա պատկերը: Ընտրեցին փոքր մի գյուղ, և երբ հասանք այնտեղ, օրն արդեն մթնում էր, իսկ գյուղն էլ կամաց-կամաց թաղվում էր խավարի մեջ: Լավ էր՝ գյուղամիջում մի երկու հոգի կային, հարցրինք՝ ձեր ընտրատեղամասը որտե՞ղ է: Գյուղապետի տանը, պատասխանեցին ու ցույց տվին բավական շքեղ մի առանձնատուն: Ներս մտանք: Գյուղապետի ընտանիքի անդամներն իրար էին անցել խոհանոցում, որտեղից մեր ազգային խաշլամայի բույրն էր տարածվել ողջ ընտրատեղամասով մեկ, իսկ բուն տեղամասում գյուղապետն ու հանձնաժողովի անդամները գյուղամիջի բիձեքի ծանրախոհ հանդարտությամբ ձայների հաշվարկ էին կատարում: «Իմոնք» մի քիչ «դիտարկեցին», հաշվարկի ընթացքում գյուղապետը վերընտրվեց, «դիտորդները» ոչ մի խախտում չհայտնաբերեցին ու… խաշլամայի հոտն զգլխիչ էր:

Վերդարձանք Երևան: Դիտորդները շատ գոհ էին: Այցելությունից: Իսկ ընտրությունները, նրանց կարծիքով՝ «մի քայլ առաջ» էին: Չգիտեմ՝ ինչից: 
Ես մտածում եմ, որ շուտով նախագահական ընտրություններ են, տեսնես՝ բախտս էլի կբերի՝ էլի աշխատեմ եվրոպացիների հետ, ու իրենք էլ այնպիսի մի մարզ ընտրեն, որտեղ ես չեմ եղել, ու որտեղ լիքը պատմամշակութային հուշարձաններ կան: Ախր Հայաստանն, իսկապես, մանրամասն սիրելու երկիր է…

 

Սուրեն Խաչատրյան

Նախորդ հոդվածը‘Վրացական ընդդիմադիրը «օրենքով գողերից» աջակցություն է հայցել (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Արոնյանն առայժմ երկրորդ տեղում է’