‘ Թիերի Անրի. ««Չելսին» հեռացրեց իր պատմության և ֆուտբոլի լավագույն մարզիչին»’

938

Բրիտանական հեռուստատեսությունում այժմ ֆուտբոլային փորձագետի եւ մեկնաբանի դերում հանդես եկող «Յուվենտուսի», «Արսենալի», «Բարսելոնայի», Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Թիերի Անրին մեկնաբանել է ժոզե Մոուրինյոյի պաշտոնանկությունը:

«Խաղացողները եւս պետք է պատասխան տան արդյունքի համար, բայց չի կարելի մարզիչից հետո հեռացնել նաեւ խաղացողներին եւ կարեւոր չէ՝ լավն են նրանք, թե վատը: «Չելսին» հեռացրեց իր պատմության եւ ֆուտբոլի լավագույն մարզիչին: Որոշ հանդիպումներում թիմն անհաջող էր խաղում ոչ Մոուրինյոյի մեղքով: Խաղացողները խաղում էին առանց ցանկության եւ անփույթ:

«Չելսիին» անհրաժեշտ են փոփոխություններ, կայծ է անհրաժեշտ: Այսօր տխուր օր է ակումբի երկրպագուների համար: Մամուլը եւս կորուստ կրեց: Հույս ունեմ, որ Ժոզեն կվերադառնա»,- Անրիի խոսքը մեջբերում է Sky Sports -ը:

Մոուրինյոն կարիերայի ընթացքում երկրորդ անգամ էր զբաղեցրել «Չելսիի» գլխավոր մարզիչի պաշտոնը։ Նրա հետ լոնդոնյան ակումբը երեք անգամ հռչակվել է Անգլիայի չեմպիոն, դարձել է Անգլիայի գավաթակիր, երեք անգամ էլ հաղթել Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունում։

Օգոստոսի 7-ին «Չելսին» չորս տարվա պայմանագիր էր կնքել Մոուրինյոյի հետ։ Ոչ պաշտոնական տվյալներով, ժամանակից շուտ պայմանագիրը խզելու համար ակումբը Մոուրինյոյին պետք է վճարի 40 միլիոն ֆունտ ստերլինգ։

Ընթացիկ մրցաշրջանում լոնդոնյան ակումբը 16 հանդիպումներից 9-ում պարտություն է կրել եւ 15 միավորով 16-րդ տեղում է։

«Չելսիի» մարզիչի թեկնածուներ են համարվում Խուանդե Ռամոսը, Բրենդան Ռոջերսը, Գուս Հիդինկը, Խոսեպ Գվարդիոլան։

Նախորդ հոդվածը‘Մեծ Բրիտանիայի վարչապետն անդրադարձել է Մոուրինյոյի պաշտոնանկությանը’
Հաջորդ հոդվածը‘Պերես. «Ոչ ոք չի կարող գուշակել ապագան»’