‘Թիլերսոնը պաշտոնանկ է արվել. Վաշինգտոնը ցնցված է, բայց վշտացած չէ ‘

1624

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի պաշտոնանկության մասին այնքան վաղուց էին խոսում, որ այն կատակով ստացել էր «Ռեքսիթ» անունը՝ «Brexit-ի նմանությամբ: Բայց երբ այն իսկապես տեղի ունեցավ, Վաշինգտոնը մի պահ ցնցվեց: Այնուամենայնիվ՝ չվշտացավ:

Թիլերսոնին այդ պաշտոնին նշանակած Դոնալդ Թրամփն իր պետքարտուղարի նկատմամբ սառել էր դեռ անցյալ տարվա հոկտեմբերից, այն բանից հետո, երբ պետքարտուղարը, իբր, մասնավոր խոսակցության ընթացքում նախագահին ապուշ էր անվանել: Ավելին, հետագայում էլ նա ոչ մի անգամ չէր հերքել այդ փաստը, թեպետ չէր էլ հաստատել: Թրամփը նրան անմիջապես կազատեր պաշտոնից, բայց այդ պահին հարմար չէր:

Այնուամենայնիվ, 65-ամյա Թիլերսոնի գլխին դամոկլյան սուրը կախված էր, ու դա տեսնում էին բոլորը, բացի, գուցե, հենց իրենից: Թիլերսոնն ինքը վերջերս CNN-ին տված հարցազրույցում ասել էր, որ պաշտոնին կմնա առնվազն մինչև 2018 թ. ավարտը:

Թրամփը հայտարարել է, որ ինքն ու պետքարտուղարը «նույն ալիքի վրա չէին»: Երեքշաբթի նա ասել է, որ իրենց դիրքորոշումները տարբեր էին Իրանի հարցում: Կլիմայի վերաբերյալ Փարիզյան պայմանագրի առնչությամբ՝ նույնպես. Թիլերսոնը դեմ էր կլիմայի վերաբերյալ Փարիզյան պայմանագրից դուրս գալուն, բայց Թրամփը այս հարցում նրան չլսեց:

Նույն երեքշաբթի օրը Թրամփը պետքարտուղարի պաշտոնում առաջարկել է ԿՀՎ տնօրեն Մայք Փոմփեոյի թեկնածությունը և անակնկալ կերպով պաշտոնանկ է արել Ռեքս Թիլերսոնին:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ESPN. Մխիթարյանը՝ Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի խորհրդանշական հավաքականում’
Հաջորդ հոդվածը‘Բրիտանիայում վախճանվել է գիտնական Սթիվեն Հոքինգը’