‘
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) ներկայացրել է «Հայաստանի օրինավորության ազգային համակարգի գնահատում 2014» զեկույցը: Զեկույցի նախաբանում նշվում է, որ կոռուպցիան շարունակում է մնալ Հայաստանի ամենալուրջ հիմնախնդիրներից մեկը:
«Այն, ըստ այդմ, երկրի տնտեսական և քաղաքական զարգացման ճանապարհի ամենաէական խոչընդոտներից մեկն է՝ դրանով իսկ սպառնալիքներ ստեղծելով երկրի անվտանգության առումով: Հայաստանում կոռուպցիան սնող հիմնական պատճառներից են տնտեսական և քաղաքական վերնախավերի սերտաճումը, մենաշնորհների գերիշխանությունը և՛ տնտեսական, և՛ քաղաքական ոլորտներում, իշխանության տարբեր ճյուղերի միջև զսպումների և հակակշիռների անբավարար մակարդակը: կոռուպցիայի լայն տարածվածությանը նպաստում է նաև հասարակության շրջանում նրա նկատմամբ հանդուրժողականության բարձր մակարդակը: այս պայմաններում զարմանալի չէ Հայաստանի ցածր դիրքը թրանսփարենսի ինթերնեշնլի կոռուպցիայի ընկալման համաթվի դասակարգման աղյուսակում, ինչպես նաև միջազգային այլ հեղինակավոր կազմակերպությունների (մասնավորապես՝ Համաշխարհային Բանկի, Համաշխարհային տնտեսական ֆորումի, Ֆրիդոմ Հաուզի և այլոց) ուսումնասիրություններում երկրում կոռուպցիայի բարձր մակարդակը փաստող քանակական և որակական տվյալների առկայությունը»,- նշված է զեկույցում:
Ըստ զեկույցի, իշխանությունները որոշակի քայլեր ձեռնարկում են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում, բայց առաջին հերթին, անբավարար քաղաքական կամքը, ինչպես նաև այլ գործոններ հանգեցրին նրան, որ ընդունված իրավական ակտերի կիրարկումը անբավարար մակարդակի էր. այդ ակտերից շատերը մնում են թղթի վրա: «Շարունակում է լուրջ խնդիր մնալ անպատժելիության մթնոլորտի առկայությունը երկրում: արդյունքում հանրությունն իշխանությունների կողմից վարվող հակակոռուպցիոն քաղաքականությունն ընկալում է որպես կոռուպցիայի դեմ պայքարի նմանակում (իմիտացիա)»,- նշվում է զեկույցում:
‘