‘
Հոկտեմբերի 18-ին՝ թեկնածուների առաջադրման վերջին օրը, թիվ 1 և թիվ 35 ընտրատարածքներում առաջադրվել են երկուական թեկնածուներ: Այսպիսով՝ թիվ 1-ում առաջադրված է չորս, իսկ թիվ 35-ում` երեք թեկնածու: Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքից:
Թիվ 1-ում «Ժառանգություն» կուսակցության կողմից առաջադրված է կուսակցության վարչության գլխավոր քարտուղար, ԱԺ նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը, ՀՀԿ-ի կողմից` ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման պետի տեղակալ Ռոբերտ Սարգսյանը, Հայաստանի Կանաչների (Սոցիալ-էկոլոգիական) կուսակցության կողմից` Արմենակ Դովլաթյանը, ինքնառաջադրված է Հայաստանի ժողովրդական կուսակցության անդամ Էդուարդ Պետրոսյանը:
Թիվ 35-ում ՀՀԿ-ի կողմից առաջադրված է «Սովռանո» ՍՊԸ-ի տնօրեն Արման Սահակյանը, ինքնառաջադրված են անկուսակցական Արման Խաչատրյանը և «Հայոց համազգային շարժում» կուսակցության անդամ Մուրադ Գրիգորյանը:
ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունները կկայանան դեկտեմբերի 2-ին:
Հիշեցնենք, որ պատգամավորի լրացուցիչ ընտրությունների անհրաժեշտություն առաջացավ այն բանից հետո, երբ թիվ 1 ընտրատարածքում հանրապետական Ռուբեն Հայրապետյանը «Հարսնաքարի» միջադեպից հետո մանդատը վայր դրեց, իսկ թիվ 35-ից ընտրված ԲՀԿ-ական պատգամավոր Սամվել Բալասանյանը դարձավ Գյումրիի քաղաքապետ:
‘