‘
Մայիսի 8-ին 2-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում քննարկվում էր 2/30 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Պետրոսյանի դիմումը նույն տեղամասում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով:
Տիկին Պետրոսյանի խոսքով՝ ընտրությունների օրը ընտրատեղամասում և տեղամասից դուրս կուտակումները, ՀՀԿ-ի ներկայացուցիչների կողմից ընտրողների ուղղորդումը, մի շարք միջադեպերը, լարված մթնոլորտն ու «թաղի տղաների» կողմից ընտրությունների գործընթացի խոչընդոտումն էական ազդեցություն են թողել ընտրությունների արդյունքի վրա: Քննարկմանը ներկա էր նաև այդ տեղամասում հանձնաժողովի ՀՀԿ-ական քարտուղարը:
Քննարկման արդյունքում արձանագրվեցին մի քանի թերացումներ նաև հանձնաժողովի նախագահի կողմից, սակայն շեշտվեց, որ լարված մթնոլորտը նույնիսկ չի կարողացել հանդարտեցնել ընտրատեղամաս երկու անգամ ժամանած ԸԸՀ-ական անդամը:
iLur.am-ի հետ զրույցում քննարկամը ներկա գտնվող Կոնգրեսի ցուցակով առաջադրված թեկնածու Վլադիմիր Կարապետյանը նշեց, որ առաջին հերթին մեղադրանքները պետք է հասցեագրել ընտրատարածքային հանձնաժողովին, որի անդամները երկու անգամ այցել են տեղամաս՝ տեսնելով անհամաչափ լարվածությունը, չեն կարողացել տիրապետել իրավիճակին:
«Դա էր պատճառը, որ այնտեղ եղել են բազմաթիվ խախտումներ և իրավիճակը մինչև հաշվարկի ավարտ գրեթե անվերահսկելի է եղել»,- նկատեց Վլադիմիր Կարապետյանը, ով ընտրության օրը ներկա էր գտնվել հաշվարկին:
Այսօր՝ մայիսի 9-ին, ԸԸՀ-ն կհայտարարի իր 2/30 ընտրատեղամասում ընտրությունների արդյունքներ անվավեր ճանաչելու մասին իր որոշումը:
‘