‘
Երեկ լրացել է ընտրագրավը մուծելու համար գործազուրկ թոշակառու Պավլիկ Սարգսյանին հատկացված լրացուցիչ 48 ժամը, և նա չի կարողացել մուծել մեկ միլիոն դրամ ընտրագրավը՝ թիվ 38 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի լրացուցիչ ընտրություններին մասնակցելու համար:
«Սկզբունքի խնդիր է: Ի վիճակի չեմ մուծելու, եթե ունենայի նույնիսկ՝ չէի մուծի: Վարչական դատարան եմ դիմել, և նախագահին ու վարչապետին՝ պաշտոնական նամակ», — «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանել է Սարգսյանը:
Պավլիկ Սարգսյանն ընտրագրավը չէր մուծել նաև ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ և դուրս էր մնացել ընտրապայքարից:
Օրերս ինքնաբացարկի դիմում է ներկայացրել փաստաթղթերն ընտրատարածքային հանձնաժողով ներկայացրած մյուս թեկնածուն՝ 41-ամյա գործազուրկ Տիգրան Սարգսյանը: Վերջինիս լիազոր ներկայացուցիչն «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ բացարկ հայտնելու պատճառը քարոզարշավի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայությունն է:
Այսպիսով, Սյունիքի 4 քաղաքները՝ Կապանը, Քաջարանը, Մեղրին, Ագարակը և ավելի քան 40 գյուղ ընդգրկող ընտրատարածքում պատգամավորական մանդատի համար ընտրապայքարի է պատրաստվում երեք թեկնածու՝ իշխող Հանրապետական կուսակցությունից Կապանի նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանը, ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունից՝ Կապանի տարածքի պատասխանատու, ազատամարտիկ Սամվել Հայրապետյան եւ ինքնաառաջադրված «Կապանի հաշվապահական հաշվառման գրասենյակ» ընկերության տնօրեն Վահրամ Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ թիվ 38 ընտրատարածքից պատգամավորական մանդատը ազատ է մնացել այն բանից հետո, երբ նախկին պատգամավոր Վահե Հակոբյանը նշանակվել է Սյունիքի մարզպետի պաշտոնում:
‘