‘Թյուրքալեզու պետությունների խորհրդի նախագահությունն անցել է Ադրբեջանին ‘

991

Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի (ԹՊՀԽ) նախագահությունը ռոտացիոն սկզբունքով Ղրղզստանից անցել է Ադրբեջանին, այսօր հաղորդել է« Новости-Азербайджан»-ը:

Ուրբաթ օրը Ադրբեջանի Գաբալա քաղաքում տեղի է ունեցել ԹՊՀԽ երրորդ գագաթնաժողովը, որին մասնակցել են կազմակերպության բոլոր անդամ պետությունների ղեկավարները՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:

Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհուրդը ստեղծվել է 2009 թ. Եվրասիայում խաղաղության և կայունության գործում համատեղ ավանդ ներդնելու նպատակով: Կազմակերպության քարտուղարությունը գտնվում է Ստամբուլում:

Գաբալայի գագաթնաժողովի ամփոփիչ արձանագրության 13-րդ կետը վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանը: Նշվում է, որ այդ հակամարտությունը տարածաշրջանի կայունությանը և համագործակցությանը խոչընդոտող ամենամեծ խնդիրն է: Կողմերը պաշտպանել են հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելուն ուղղված քայլերը՝ միջազգայնորեն ընդունված սահմանների շրջանակներում: Մասնավորապես, Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը նշել է. «Թյուրքական աշխարհի բոլոր նշանակալի հարցերից ամենակարևորը Լեռնային Ղարաբաղի խնդիրն է: Ադրբեջանական հողերի օկուպացիան անընդունելի է»: Նա նաև հավելել է, թե ղարաբաղյան խնդիրը պետք է լուծվի շատ սեղմ ժամկետներում: «Մենք  ամենայն աջակցություն կցուցաբերենք, որպեսզի խնդիրը լուծվի խաղաղ ճանապարհով, Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Ես ուզում եմ, որ ապագայում Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովն անցկացվի Լեռնային Ղարաբաղում»,- APA գործակալության փոխանցմամբ՝ ասել է Գյուլը:

Նախորդ հոդվածը‘Ղրղզստանում մաքսանենգ «ալկոհոլատար» խողովակ են հայտնաբերել’
Հաջորդ հոդվածը‘Հրապարակվել է «Սթար»-ի սնանկության մասին հայտարարությունը’