‘
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը կարծում է, թե «Շրջանառության հարկի մասին» օրենքը իրականում օրենք չէ, այլ կառավարության որոշում:
«Էն, ինչի մասին որ էդքան խոսում եք, Ազգային ժողովի հետ կապ չունի: Էդ կառավարության որոշում ա», — այսօր լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը:
Հիշեցնենք, որ խոսքը բազմաթիվ տնտեսվարողների դժգոհությունը հարուցած օրենքի մասին է, որը պարտավորեցնում է մանր տնտեսվարողներին փաստաթղթային տվյալներ հաղորդել շրջանառության մասին, փոխարենը շրջանառության հարկը 3,5 տոկոսից նվազեցվում է մինչեւ 1 տոկոս:
ԱԺ այսօրվա նիստում ոչ իշխանական քառյակը առաջարկեց հրատապ կարգով քննարկումներ կազմակերպել՝ օրենքի գործողությունը կասեցնելու կամ այլընտրանքային օրենք ընդունելու վերաբերյալ: ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանն էլ իր կողմից խնդրեց «էս անգամ ժողովրդի մասին մտածել» եւ չեղյալ համարել ընդունված օրենքը:
iLur.am-ի հարցին՝ գուցե օրենքը հարվածո՞ւմ է Սարոյանի բիզնես շահերին, պատգամավորը պատասխանեց, թե «ես բիզնես չունեմ, Սամոն ունի (Սամվել «Լֆիկ» Ալեքսանյանը), էն էլ ինքը սեւ փողերի կարիք չունի հիմի»: Զրույցին ներկա Սամվել Ալեքսանյանը, ի պատասխան մեր հարցերի՝ լուռ ժպտաց եւ հեռացավ:
Իսկ Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը, մի քանի րոպե շարունակ փորձում էր համոզել լրագրողներին, որ իրականում քննարկման առարկա դարձած նոր հարկատեսակը օրենքի հիման վրա չի սահմանվել, այլ՝ կառավարության որոշման: Լրագրողների հակառակ պնդումներին ի պատասխան՝ Սեդրակյանը նշեց, թե «իրեն այդպես են ասել»:
«Ես հեսա կճշտեմ, բայց ինձ թվում ա՝ Ազգային ժողով ինքը չի մտել: Կառավարության որոշումով էլ կարա լինի, հո ամեն կառավարության որոշում ԱԺ չի՞ մտնում », — ասաց պատգամավորը:
Ուշագրավ է, որ այս տարվա հունիսի 21-ին Սեդրակյանը, փաստորեն՝ առանց իմանալու, թե ինչի մասին է խոսքը, կողմ է քվեարկել այն օրենքին, որը օրենք չի համարում: Այսպես, ԱԺ նիստերի արձանագրություններում հստակ նշված է, որ հունիսի 21-ին «Շրջանառության մասին» օրենքի նախագծի քվեարկության ժամանակ պատգամավոր Մհեր Սեդրակյանը «կողմ» է քվեարկել:
Մանրամասները՝ տեսանյութում
‘