‘Թոխմախի Մհերի աշխատակիցները գազալցակայանում ծեծի են ենթարկել մարդկանց, որոնցից մեկը կորցրել է լսողությունը’

1154

Էրեբունի վարչական շրջանի շենքին հարակից բենզալցակայանում նոյեմբերի 29-ին դեռևս անհայտ անձնաց կողմից դաժան ծեծի է ենթարկվել Կ.Ստանիսլավսկու անվ. ռուսական դրամատիկական թատրոնի դերասան, 1984թ ծնված Սերգեյ Գրիգորյանը և նրա եղբայր Արտյոմ Գրիգորյանը: Այժմ Սերգեյ Գրիգորյանը գտնվում է Համալսարանական կլինիկական թիվ 1 հիվանդանոցի նեյրովիրաբուժական բաժանմունքում: Սերգեյ Գրիգորյանի գլխի մեջ հեմատոմա են հայտնաբերել, նա կորցրել է լսողությունը: Կ.Ստանիսլավսկու անվ.ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Ֆրեդերիկ Դավթյանը «ԳԱԼԱ»-ի հետ զրույցում հաստատեց վերոնշյալն ասելով, որ բժիշկները հաղորդել են, որ լսողության 15 տոկոսը արդեն վերականգնվել է, և հնարավոր է փրկել այն: ԳԱԼԱ-ն ոստիկանությունից փորձեց ճշտել դեպքի մասին մանրամասներ, սակայն ոստիկանությունից տեղեկացրեցին, որ ավելի ուշ կարող են տրամադրել տեղեկություններ, քանի որ հանգամանքները ճշտվում են: Թե ինչու՞ 6 օր առաջ տեղի ունեցած դեպքի մասին ոստիկանությունը դեռ նոր է ճշտում հանգամանքներ, թատրոնի տնօրենը հետևյալ պատասխանը տվեց.

«Հասկանու՞մ եք, դեպքի օրը նա չի դիմել ոչ ոստիկանություն, ոչ էլ հիվանդանոց: ինչպես ասում են «տաք-տաք» է եղել, գնացել է տուն, հաջորդ օրը եկել թատրոն, հետո կամաց-կամաց սկսել է գլուխը ցավալ, գլխացավի դեղ է խնդրել: Հետո ցավն ուժեղացել է, և սկսել է կորցնել լսողությունը, նոր դիմել է հիվանդանոց»,- ասաց Ֆրեդերիկ Դավթյանը՝ հավելելով, որ ծեծի է ենթարկվել նաև Սերգեյ Գրիգորյանի եղբայրը:

Այն հարցին՝ ճի՞շտ է արդյոք, որ այդ բենզալցակայանը, որտեղ նրան ծեծի են ենթարկել, պատկանում է ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանին (Թոխմախի Մհեր), թատրոնի ղեկավարն ասաց, որ ըստ ժողովրդի մեջ տարածված լուրերի, դա այդպես է: Նա նշեց նաև, որ այդ դեպքի արդյունքում արտակարգ վիճակ է ստեղծվել թատրոնում, քանի որ, բացի այն, որ բոլորը մտահոգված են իրենց ընկերոջ ու աշխատակցի առողջությամբ, ամբողջությամբ փոփոխվել է ներկայացումների ցուցակը, քանի որ դերասան Սերգեյ Գրիգորյանը ներկայացումներում էր ներգրավված:

Ֆրեդերիկ Դավթյանը ևս մի ուշագրավ տեղեկություն հաղորդեց « Կրկին ըստ ժողովրդի մեջ տարածված լուրերի, այդ դեպքի օրը կրկին ծեծի են ենթարկել ինչ-որ սերիալում ներգրավված դերասանի նույն այդ գազալցակայանում: Հիմա մենք չգիտենք ովքեր են այդ ծեծողները՝ անվտանգության աշխատակիցնե՞ր, թե ինչ-որ շքախու՞մբ, դեռևս հասկանալի չէ ու պարզ չէ«,- եզրափակեց Ֆրեդերիկ Դավթյանը:

Նախորդ հոդվածը‘Հորդանանը չի մասնակցի ռազմական միջամտությանը Սիրիայի գործերին’
Հաջորդ հոդվածը‘Յուրա Մովսիսյան. Բարի գալուստ Մոսկվայի «Սպարտակ». տեսանյութ’