‘«Թող գա ու պատասխան տա». Կեմերովոյում ցուցարարները մեղադրում են իշխանություններին’

2826

‘

Կեմերովոյում ցույց է տեղի ուենում, որին մասնակցում են հազարավոր մարդիկ: Զայրացած  քաղաքացիներին, որոնք չեն հավատում  «Зимняя вишня» առևտրի կենտրոնում զոհերի թվի մասին պաշտոնական տվյալներին, հաջողվել է ոչ միայն «գրավել» կենտրոնական հրապարակը, այլև դիարանը:

Հրապարակ դուրս գալու կոչերը սոցցանցերում հայտնվել են նախորդ օրը, քաղաքային դիարանում հարյուրավոր «թաքցված» դիակների մասին լուրերի հետ միասին: 64 զոհի մասին տեղեկությունը, որը շարունակում են կրկնել պաշտոնյաները, մարտի 27-ին հավաքված ցուցարարներից ոչ մեկին հավաստի չի թվում:

Քիչ անց ցուցարարների թիվը հասել է մի քանի հազարի, ցուցապաստառներ են հայտնվել՝ «Իրականում քանի՞ զոհ կա», «Ո՞վ է իրականում մեղավոր», «Ի՞նչ արժեն ձեր փակ աչքերը»:

Ինչ-որ պահի հավաքը սկսել է ղեկավարել կապույտ բաճկոնով մի մարդ, որին հրապարակ ժամանած փոխնահանգապետ Ցիվելևը նախատել է, թե նա «փիառ է անում ողբերգության ֆոնին»: Պարզվել է, որ կապույտ բաճկոնով տղամարդը՝ Իգոր Վոստրիկովը,  հրդեհում կորցրել է ամբողջ ընտանիքը՝ կնոջը, երեք երեխաներին՝ 2,5 և 7 տարեկան, և կրտսեր քրոջը: Այն հարցին, թե ինչու է սկսել ղեկավարել հանրահավաքը, նա պատասխանել է՝ «Որովհետև ես այլևս կորցնելու բան չունեմ»:

Պուտինի այցելության մասին լուրը  վրդովել է հավաքվածներին: «Որտե՞ղ է թագավորը: Նրան վերջերս են ընտրել, թող գա այստեղ ու պատասխան տա», «Այստեղ իսկական մարդիկ են հավաքված, այլ ոչ թե նկարված՝ ինչպես ընտրություններում է»:

Հավաքվածների զայրույթն է հարուցել նաև այն, որ այս երկու օրերի ընթացքում դեպքի վայր չի ժամանել մարզի բազմամյա նահանգապետ Աման Տուլեևը: Այնուամենայնիվ, Պուտինի հետ նա հանդիպել է ու չի թաքցրել իր վերաբերմունքը հրապարակում հավաքված մարդկանց նկատմամբ: «Մի 200 հոգի են այնտեղ… Դրանք զոհերի հարազատները չեն, դրանք այն մարդիկ են, որ մշտապես աղմուկ են բարձրացնում…»,- նախագահին զեկուցել է չինովնիկը ու ներողություն խնդրել, որ «այդ ամենը (այսինքն՝ հրդեհը) տեղի է ունեցել մեր տարածքում»:

Փոխանցում է BBC-ն:

 

‘

Նախորդ հոդվածը‘Առաքել Թավրիզյան. Քանի՞ հեկտար է մեկ քառակուսի կիլոմետրը’
Հաջորդ հոդվածը‘ԱԻՆ-ը Երևանում ուսումնասիրում է առևտրային խոշոր կենտրոնների հակահրդեհային համակարգերը’