‘
«Չեմ կարծում, թե Ռուսաստանի նախագահի այցն Ադրբեջան հիմնովին փոխեց ռազմավարական հավասարակշռությունը Կովկասում», Vesti.az-ին հայտարարել է բրիտանացի հայտնի լրագրող, Քարնեգի հիմնադրամի Կովկասի գծով ավագ գիտաշխատող, «Սև այգի» գրքի հեղինակ Թոմաս դե Վաալը:
«Առայժմ, թվում է՝ ամենակարևոր բանը, որին կարողացան հասնել ռուսները՝ «Роснефть»-ի մասնակցությունն է Աբշերոնի գազի նախագծին, թեև դրան էլ դեռ լրիվ չեն հասել»,- ընդգծել է նա:
Հատկանշական է, ըստ դե Վաալի, որ Պուտինը շատ քիչ հիշատակեց Ղարաբաղյան հակամարտությունը: «Ի տարբերություն իր նախորդ Մեդվեդևի՝ Պուտինը, թվում է, չի տառապում Ղարաբաղով և մտադիր չէ իր քաղաքական կապիտալը ծախսել դրա վրա»,- կարծում է փորձագետը: Ըստ դե Վաալի՝ թե՛ Ռուսաստանի, թե՛ Ադրբեջանի համար Պուտինի այցն ընդամենը սեփական ուժի ցուցադրություն էր: «Պաշտոնական Բաքվի կողմից՝ դա Ռուսաստանի աջակցությունն էր ընտրությունների նախօրեին, տարածաշրջանում Ադրբեջանի կարևորության ընդգծումը: Մոսկվայի կողմից՝ դա ակնարկ էր Հայաստանին, որպեսզի Երևանում հասկանան, որ պետք է մտնեն Մաքսային միություն, և որ ԱՄՆ-ը Կովկասում երկրորդական կարգի խաղացող է»,- ամփոփել է դե Վաալը:
‘