‘
Վարշավայում մարդու իրավունքներին նվիրված համաժողովում ելույթ ունենալիս ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Թոմաս Մելիան, անդրադառնալով Ադրբեջանում ազատ արտահայտման իրավունքի հետ կապված իրավիճակին, նշել է, որ ինտերնետի նկատմամբ օրենսդրական սահմանափակումներ մտցնելը, ներառյալ` ստի և կեղծիքի համար քրեական պատասխանատվության սահմանումը, ավելի կբարդացնեն իրավիճակն այդ երկրում, որտեղ արդեն մի քանի լրագրողներ և բլոգերներ ազատազրկված են:
Ինչպես հայտնում է «Թուրան» լրատվական գործակալության վաշինգթոնյան թղթակիցը, Թոմաս Մելիան նշել է, որ շարունակվում են հետապնդումները լրագրողների նկատմամբ և հիշեցրել է Խադիջա Իսմայլովայի և ևս մի քանի բլոգերների հետ կապված իրավիճակը:
Պետքարտուղարի տեղակալը հայտարարել է. «Մենք կոչ ենք անում իշխանություններին հետաքննել այս բոլոր փաստերը, ինչպես նաև խնդիրները՝ կապված Ադրբեջանում «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակման, նաև մի շարք այլ ադրբեջանալեզու լրատվամիջոցների հետ»:
Նշենք, որ սեպտեմբերի սկզբին Ադրբեջանի իշխանությունները հրաժարվել էին Բաքվում ընդունել պետքարտուղարության՝ Թոմաս Մելիայի գլխավորած պատվիրակությանը, որն ավելի վաղ կտրուկ քննադատել էր Բաքվին՝ քաղաքացիական իրավունքների ոտնահարման համար:
‘