‘Թոշակառու կնոջ թոշակից «պահել» են 177.000 դրամ ‘

1888

Արդեն մեկ տարուց ավելի է՝ միայնակ թոշակառու Դուխիկ Մելիքյանի թոշակից «պահումներ են անում»: Բանն այն է, որ Մալաթիա-Սեբաստիա համայքնի թաղապետարանը դիմել է դատարան՝ պահանջելով տիկին Դուխիկից բռնագանձել 275.251 դրամ գույքահարկ՝ 1999 թվականից ի վեր այն չվճարելու պատճառով: Տիկին Դուխիկի խոսքով՝ ինքը պարզապես տեղյակ չի եղել, որ պետք է գույքահարկ վճարի, իսկ նրան այդ մասին ոչ ոք չի ծանուցել: Հենց այս պատճառով էլ դատարանը որոշել է հայցվորի հայցը մասնակիորեն բավարարել, քանի որ թաղապետարանը պատասխանողի պարտավորությունները հայտնաբերել է 2011թ. սեպտեմբերին: Մինչդեռ «Հարկերի մասին» օրենքի համաձայն՝ հարկային օրենսդրության խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու տարվան անմիջապես հաջորդող երեք տարին լրացնելուց հետո: Այսպիսով՝ դատարանը վճռել է Դուխիկ Մելիքյանից, հօգուտ Երևան համայնքի՝ բռնագանձել 88.006 դրամ: Դուխիկ Մելիքյանը iLur.am-ի հետ զրույցում պատմում է, որ վճռից հետո թոշակից այդ 88.006 դրամը «պահելու» փոխարեն՝ պահել են 177.000-ը: Թոշակառու կինը պահանջում է 177.000-ից հանել 88.006-ն ու իրեն վերադարձնել մնացած գումարը՝ 89.000 դրամը:

«Ես թոշակառու միայնակ կին եմ, ինձանից պահել են, ո՞ւմ տան: Ես որ ասում էի՝ դուք չեք աշխատում, ես չեմ զգում, որ դուք աշխատում եք, էն մեկը ասում է՝ հարկադիրը գիտի, էն մեկն ասում է՝ սոցապը գիտի, գցում են իրար վրա, անելանելի վիճակ է: Վերջին անգամ որ գնացի հարկադիրին ու սոցապին իրար հետ հանդիպացրի, ասեց՝ 50, թե 60 հազար է, իբր՝ ինչ փող է, որ ուզում ես… քեզ համար փող չի, ինձ համար փող է»,- ասում է տիկին Դուխիկը:

 «Ինչի՞ պիտի տամ իմ փողը դուք ուտեք, պետությունը ինձ մի կոպեկ տվե՞լ է, որ ես պետությանը էդքան փող տամ»,- զարմանում է կինը: Նա բազմիցս դիմել է պատկան մարմիններին, սակայն որևէ արդյունքի առայժմ չի հասել:

Նախորդ հոդվածը‘Ս.Դեմիրճյան. Ապագայի նկատմամբ հավատի բացակայությունն է ստիպում մարդկանց լքել հայրենիքը’
Հաջորդ հոդվածը‘Ֆուտբոլային մրցավարները պայմանավորված խաղի դիմաց համաձայնել էին օգտվել սեքս-ծառայություններից’