‘Թուխմանուկի շուրջ փոթորիկ է հասունանում’

733

Թուխմանուկի հանքավայրի երրորդ պոչամբարը կառուցելու ծրագրերը հարուցել են հարակից Մելիք գյուղի բնակիչների բողոքը:

Փետրվարի 10-ին և 12-ին «Մեգո գոլդ» ընկերությունը և ՀՀ Բնապահպանության նախարարությունը Երևանում նախագծի շուրջ հանրային լսումներ են անցկացրել: Մինչդեռ, ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում պատմել է «Թռչնասերների կենտրոնի» ղեկավար Սիլվա Ադամյանը, Մելիք գյուղի բնակիչները կտրականապես դեմ են դրա իրականացմանը: Նրա խոսքով, նախօրեին նրանք կապվել են բնապահպանների հետ և հաղորդել, որ «Մեգո գոլդի» ներկայացուցիչները կաշառք են բաժանում իրենց` նախագծի հավանությունը ստանալու ակնկալիքով:

«Մեզ հետ զրույցում Մելիք գյուղի համայնքի ներկայացուցիչները խոստացել են անել հնարավոր ամեն բան, որպեսզի երրորդ պոչամբարը չկառուցվի»,- նշել է Ադամյանը: Նա տեղեկացրել է, որ ավելի վաղ շինարարական աշխատանքների համաձայնություն տված գյուղապետը համայնքի ճնշման ներքո հրաժարվել է իր որոշումից: Փետրվարի 15-ին բնապահպանական ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները մտադիր են մեկնել Մելիք` տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով:

Հիշեցնենք, որ անցած տարի հիշյալ նախագիծը բնապահպանների բացասական գնահատականին էր արժանացել, իսկ հետո ստացել ՀՀ Բնապահպանության նախարարության բացասական բնապահպանական եզրակացությունը: Ավելի վաղ «Հայաստանի կանաչների միության» ղեկավար Հակոբ Սանասարյանը նշել էր, որ պոչամբարը կառուցվելու է Քասախ գետի հունի մոտ, որտեղ կան բնակավայրեր` այգիներով, արոտավայրերով, խմելու և ոռոգման ջրի աղբյուրներով: Բացի այդ, Թուխմանուկը գտնվում է Հանքավանի ջրաբանական արգելավայրի անմիջական հարևանությամբ:

Մինչդեռ Թուխմանուկի հանքավայրում, հետևաբար` հանքարդյունաբերական թափոններում պարունակվում են մկնդեղ, սելեն, սնդիկ, ցինկ, վոլֆրամ, որոնք կարող են խիստ վտանգավոր լինել մարդու առողջության համար: 

Նախորդ հոդվածը‘Պոլիկլինիկաներում կպայքարեն կոռուպցիայի դեմ`հիվանդների գումարով’
Հաջորդ հոդվածը‘Հոսպիտալում զինծառայող է մահացել’