‘
Թունիսի նախագահ Բեժի Քաիդ Էս-Սեբսին երկրի մայրաքաղաքում Բարդո թանգարանի վրա տեղի ունեցած հարձակումից հետո, որի արդյունքում զոհվել է առնվազն 21 մարդ, այդ թվում՝ երկու հարձակվողները, կոչ է արել անողոք պայքար սկսել ահաբեկչության դեմ:
Հարձակման զոհերի մեծ մասը՝ 17 մարդ, արտասահմանցի զբոսաշրջիկներ են՝ Ավստրալիայի, Իսպանիայի, Իտալիայի, Կոլումբիայի, Լեհաստանի, Ֆրանսիայի և Ճապոնիայի քաղաքացիներ, նաև՝ երկու տեղացիներ, այդ թվում՝ մեկ ոստիկան: Ավելի քան 40 մարդ վիրավորվել է:
Անվտանգության ուժերը սպանել են երկու հարձակվողներին, սակայն նրանց հնարավոր հանցակիցների որոնումները շարունակվում են:
Նախագահ Էս-Սեբսին հայտարարել է, որ երկիրը գտնվում է պատերազմի մեջ՝ ընդդեմ ահաբեկչության: «Մենք կպայքարենք նրանց դեմ մինչև վերջ և անոքոքաբար: Դեմոկրատիան կհաղթի»,-ասել է նախագահն իր հեռուստաուղերձում:
Բարդո թանգարանը Թունիսի ամենամեծ թանգարանն է, այն գտնվում է 15-րդ դարում կառուցված պալատի շենքում: Ունի 8000 ցուցանմուշ, այդ թվում՝ հռոմեական խճանկարների՝ աշխարհում ամենախոշոր հավաքածուն: Ցուցանմուշներից մի քանիսի տարիքը 40 հազար տարոց ավելի է: Փոխանցում է BBC-ն:
‘