‘Թուրքական թերթ. Երևանն Անկարային խոստացել է հանձնել ԼՂՀ երկու շրջան’

1175

Պաշտոնական Անկարան նախապատրաստել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման, մասնավորապես, Երևանի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ: Այդ մասին գրում է թուրքական «Սաբահ» թերթը`  վկայակոչելով սեփական դիվանագիտական աղբյուրները:

Թերթը նշում է, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի ԱՄՆ այցից և Ռուսաստանի ու ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Բարաք Օբամայի հետ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քննարկումներից հետո պաշտոնական Անկարան նախապատրաստել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ճանապարհային քարտեզ, որը նախատեսում է հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող երկու շրջանների հանձնում Ադրբեջանին`  Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման դիմաց:

Մասնավորապես, ինչպես նշում է «Սաբահը», պաշտոնական Երևանն արդեն բանավոր խոստացել է հանձնել երկու շրջան, սակայն Անկարան Հայաստանից պահանջել է այդ մասին պաշտոնական հայտարարություն: «Եթե Հայաստանի ղեկավարության նման հայտարարություն հրապարակվի, Դավութօղլուն դեկտեմբերի 12-ին կայցելի Երևան, որտեղ կայանալու է ՍՏՀԿ միջոցառում: Դիվանագիտական աղբյուրներն ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ, ի տարբերություն սրընթաց զարգացող Ադրբեջանի` իր հարուստ էներգապաշարներով, Հայաստանը լավագույն վիճակում չէ: Իրավիճակը փոխելու համար անհրաժեշտ է գտնել ելք ստատուս-քվոյից», — նշում է պարբերականը:

Ըստ «Սաբահի», նախատեսվում է, որ առաջին փուլում հայկական զորքերը կազատեն Լեռնային Ղարաբաղին հարող 7 ազատագրված շրջաններից 2-ը`  Ադրբեջանի և Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորման դիմաց: 

Նախորդ հոդվածը‘Նոր կադրային փոփոխություններ ՀՀ դատախազության համակարգում’
Հաջորդ հոդվածը‘Նոր կադրային փոփոխություններ դատախազությունում ‘