‘
Թուրքական իշխանությունները պնդում են, որ Երեւան–Վան չվերթի հետաձգումը պայմանավորված է փոքր պահանջարկով: Ըստ Hürriyet Daily News-ի՝ Վանի փոխնահանգապետ Մեհմեթ Յուզերը հայտարարել է, որ չվերթն իրականացնող «BoraJet» ընկերությունը չեղյալ է համարել համաձայնագիրը՝ ուղեւորների փոքր թվի պատճառով:
Մինչդեռ հայաստանյան տուրիստական «Նարեկավանք» գործակալությունը նախօրեին հաղորդագրություն է տարածել, համաձայն որի՝ Երեւան-Վան չվերթի մեկնարկը հետաձգել է Թուրքիայի քաղաքացիական ավիացիայի վարչությունը:
«Չվերթի կազմակերպիչները քաղաքականությունից հեռու են մնացել: Շատ ցավալի է, որ թուրքական իշխանությունները չկարողացան նույն կերպ վարվել եւ , ի վերջո, թույլ տվեցին, որ քաղաքականությունը խոչընդոտի այս խոստումնալից նախաձեռնությանը», — ասվում է ընկերության հայտարարության մեջ:
Թուրքիայի քաղավիացիայի վարչությունը զերծ է մնացել որեւէ մեկնաբանությունից, իսկ «BoraJet»-ին ներկայացուցիչները կրկնել են Վանի փոխնահանգապետի բացատրությունը՝ ուղեւորների թիվը բավարար չէր չվերթն իրականացնելու համար:
Ընդ որում՝ փոխնահանգապետ Յուզերը շեշտել է, որ ընկերությունն այդ որոշումն ընդունել է առանց իշխանությունների հետ խորհրդակցելու: «Մենք տեղյակ չենք, որ Թուրքիայի քաղավիացիայի վարչությունը կարգադրել է հետաձգել չվերթը: Անհրաժեշտ թույտվություններն արդեն Հայաստանի եւ Իրանի կառավարությունները տվել էին», — պարբերականին ասել է Յուզերը:
Վանի «Ayanis» տուրիստական գործակալությունն իր հերթին ափսոսանք է հայտնել չվերթի հետաձգման կապակցությամբ, քանի որ արդեն նախապատրաստվել էր սեզոնի բացմանը:
Գործակալության տնօրեն Աբդուլա Թունչդեմիրն ասել է, որ չվերթը կարող էր տարածաշրջանում տնտեսության զարգացման համար լուրջ խթան դառնալ: «Հայկական եւ իրանական շուկաներն այնքան մոտ են մեզ, բայց երկար տարիների ընթացքում մենք հնարավորություն չենք ունեցել դռները բացել այդ երկրների առաջ: Մենք տուրիստական փաթեթ էինք կազմել, եւ պարզվեց՝ իզուր», — ասել է Թունչդեմիրը:
‘